
Tert.am.22-4-2009- Ավստրիայի ոստիկանությունը՝ չեխ գործընկերների հետ համատեղ, վնասազերծել և կասեցրել է հայկական հանցավոր խմբավորման գործունեությունը, որի կազմի մեջ են մտնում հայաստանցի 50 վերաբնակներ։ Այդ մասին հաղորդում է ավստիական Ots կայքը։
Հայտնի է դարձել, որ հանցավոր խմբավորումն իրականացրել է սպանություններ, մահափորձ, գողություններ։ Մաֆիոզ խմբավորման ղեկավարն է 40-ամյա հայաստանցի վերաբնակ, ում հանձնարարությամբ իրականացվել է առնվազն երկու սպանություն Պրագայում և մի քանի մահափորձ Ավստրիայում։
Նշենք, որ խմբավորման անդամները փող էին շորթում իրենց նախկին համերկրացիներից՝ «տանիք» ապահովելու համար, իսկ եթե վերջիններս հրաժարվում էին վճարել, խմբավորման անդամները սպանում էին նրանց։
Բացի այդ, հանցագործները զբաղվել են խանութների կողոպուտով։ Մասնավորապես, նրանք մեղադրվում են շուրջ 100 խանութների կողոպուտի մեջ Վիեննայում և Ստորին Ավստրիայում և Շտիրիայում։ Հասցրած վնասի չափը գերազանցում է 40 հազ. եվրոն։ Ինչպես նշում է ավստրիական կայքը, հետաքննությունը հայկական խմբավորման գործունեության շուրջ շարունակվում է։
Ինչպես հայտարարել էր Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների բացահայտման վարչության ղեկավարը, որ այդ խմբավորման չորս անդամներին ձերբակալել էին Պրագայում, այդ թվում նաև մեկ «օրենքով գողին»։
Ըստ ոստիկանության տվյալների՝ խմբավորման ղեկավարին, ով նաև «օրենքով գող» է, կասկածում են Sazka չեխական ընկերության վարորդի սպանության կազմակերպման, ինչպես նաև Պրագայում հայ գործարարի վրա 2007թ. նոյեմբերին մահափորձ կատարելու մեջ։
Ինչպես հիշեցնում է կայքը, 2007թ. նոյեմբերի 13-ին Պրագայի Վացլավի հրապարակում հանցագործները դանակահարել էին հայ գործարարին և փախել դեպքի վայրից, իսկ նոյեմբերի 27-ին սխալմամբ կրակ բացել Bentley-ի վարորդի վրա։
Ինչպես պարզվել է, կազմակերպության ղեկավար «օրենքով գողը» 40-ամյա Անդրանիկ Սողոյանն է, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով։ Ըստ օպերատիվ հետաքննության տվյալների՝ ծագումով լենինականցի Անդրանիկ Սողոյանը թագադրվել է «օրենքով գող» 1994թ. Մոսկվայում՝ մեկ այլ «օրենքով գող» Նիգալ Բարսեղյանի երաշխավորությամբ, ով հայտնի է Նիկոլ մականունով։
No comments:
Post a Comment