Sunday, May 8, 2011

Պետք է հասնել նրան, որ դատավորն իր առաքելությունը ընկալի. փորձագետի դիտարկումները

«Panorama.am», 07.05.2011: «Բոլորս էլ` նույնիսկ ոլորտի պատասխանատուները, ընդունում են, որ դատական համակարգում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կուզենայինք, որ լիներ», -Panorama.am-ի հետ զրույցում` խոսելով դատական համակարգի ներկայիս վիճակի մասին, հայտարարեց իրավաբան, փորձագետ Մարատ Ատովմյանը: Նրա խոսքով, դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, պետք է մշտապես բարձրության վրա գտնվի:
«Եթե այն իր բարձունքի վրա չի գտնվում և դժգոհություններ կան դատական համակարգի գործունեությունից, ապա դա նշանակում է, որ մեր երկրում արդարադատությունն էլ լիարժեքորեն չի իրականացվում և մարդու իրավունքներն էլ լիարժեքորեն չեն պաշտպանվում», -հաելեց իրավաբանը:
Իրավաբանական գործունեության ընթացքում Ատովմյանը նկատել է մի շարք թերություններ դատական համակարգում, և դրանցից կարևորն այն է, որ օրենքը մեր դատարաններում միատեսակ չի կիրարկվում:
«Միևնույն իրակավական նորմը տարբեր կերպ է մեկնաբանվում, կիրառվում, ու հետո տեսնում ես համանման գործով միևնույն դատավորը մի քանի օրվա տարբերությամբ կարող է այլ մեկնություններ անել», -նկատեց նա:
Մեկ այլ արատավոր երևույթ ևս փորձագետը նկատել է իր գործունեության ընթացքում. «Կան դատավորներ, որոնք չեն փայլում էթիկայով` նրանք շատ հանգիստ կարող են դատական նիստը վարել տնավարի կամ վիրավորել մարդկանց, կան դատավորներ որ շատ ավելի պարկեշտ են»:
Անդրադառնալով Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության զեկույցին, որտեղ նշվել էր, որ կոռուպցիոն ռիսկերի առումով Հայաստանում ամենալուրջ խնդիրներն առկա են դատական համակարգում, Ատովմյանն ասաց, որ դա իր համար նորություն չէր. «Իհարկե, կոռուպցիա կա»:
Նրա կարծքով, համակարգում իրականացվող անընդհատ բարեփոխումների ճանապարհին պետք է վեր հանվեն օրենսդրական խնդիրներն ու բացերը, որպեսզի դատավորները չօգտնվեն դրանցում գոյություն ունեցող սողանցքներից:
«Այդ սողանցքներն են, որ թույլ են տալիս դատավորին «կուտ որսալ»: Օրենսդրության կատարելագործումը հրամայական է, և մենք պետք է հասնենք նրան, որ դատավորն իր առաքելությունը ընկալի, գոնե ինքը պատկերացնի, որ իր կայացրած դատական ակտից է կախված այն, թե Հայաստանը կձևավորվի՞ որպես իրավական պետություն, կամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կունենա՞նք Հայաստանի դեմ վճիռներ, թե՞ ոչ», -նշեց փորձագետը:

No comments: