Thursday, April 23, 2009

ՂԱՐԱԲԱՂՆ ԷԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ

Lragir 22-4-2009- Ղարաբաղի կուսակցությունները երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Թուրքիային կոչ է արվում ճանաչել Ցեղասպանությունը եւ Ղարաբաղի անկախությունը: Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունը պետք է պայմանավորված լինի ղարաբաղյան կարգավորմամբ: Փաստորեն, Ղարաբաղը Հայաստանին պայման է առաջադրել, գրեթե վերջնագիր: Հայաստանը հայտնվել է երկու կրակի արանքում: Թուրքիան հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունը չի կարգավորի, մինչեւ չկարգավորվի Ղարաբաղի հարցը, ընդ որում, ադրբեջանական սցենարով: Մյուս կողմից, Ղարաբաղը հայտարարում է, թե Հայաստանը չպետք է համաձայնի հարաբերությունների կարգավորմանը, մինչեւ Թուրքիան չճանաչի Ղարաբաղի անկախությունը: Վաղը Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, որտեղ Մեդվեդեւը առաջարկելու է Ռուսաստանի պատրոնաժը ղարաբաղյան կարգավորման գործում: Մոտավորապես այսպես՝ եկեք կարգավորենք հակամարտությունը, իսկ անվտանգությունը կապահովեն ռուսական զորքերը: Օրերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ, ով թերեւս նույնպես առաջարկել է ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Տարածաշրջան են կրկին այցելել Մինսկի խմբի համանախագահները, բոլորը միասին, սակայն ոչ այն պատճառով, որ ընկերություն են անում, այլ՝ միմյանց հետեւելու համար: Այսօր էլ հայտարարվեց, որ Ռուսաստանի գազը 3 օր չի մատակարարվի Հայաստանին: Այսինքն, ամեն ինչ տանում է նրան, որ ստիպեն Հայաստանին ընդունել Թուրքիայի, եւ ոչ Ղարաբաղի պայմանները: Այս պայմաններում հետաքրքիր է հայ հասարակության ռեակցիան: Հատկանշական է, որ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան կուսակցությունները, ինչը, փաստացի, արտահայտում էր պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Պատահական չէ, որ դա արվեց Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին՝ ԼՂՀ նախագահը կարող է հայտարարել, որ այդպիսին է կառավարող եւ արտախորհրդարանական կուսակցությունների դիրքորոշումը: Հատկանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի նախօրեին կոշտ հայտարարություններով հանդես է եկել Դաշնակցությունը: Կուսակցությունը փաստորեն կոչ է արել հրաժարվել բոլոր պայմանավորվածություններից եւ վերադառնալ ստատուս-քվոյին: Նման կոչ է արել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Մյուս կուսակցություններն առայժմ չեն հայտնել իրենց դիրքորոշումները, սակայն ակնհայտ է, որ արդեն մի քանի ամիս է հայկական քաղաքական բառապաշարից անհետացել են փոխզիջումների մասին խոսակցությունները: Կհրաժարվի՞ արդյոք Սերժ Սարգսյանը բանակցությունը շարունակելուց: Թերեւս, այո: Սակայն, դատելով ամեն ինչից, չի հաջողվի դուրս գալ դրանից, “ուժերը հավաքելով”, ինչպես ենթադրում էր Սարգսյանը: Քանի որ նախորդ քայլերը թուլացրել են Հայաստանի դիրքերը, եւ եթե նույնիսկ այս անգամ հաջողվի խուսափել էսկալացիայից, հաջորդ փուլը կսկսի արդեն ոչ զրոյից: ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

No comments: