Monday, April 20, 2009

Կարսում ցանկանում են սահմանը բաց տեսնել... սակայն ոչ բոլորը

Tert.am-20-4-2009- Թուրքական Hurriyet պարբերականը երեք ծավալուն հոդվածներով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Hurriyet-ի լրագրողներն այցելել են Կարս, Երևան և Բաքու և փորձել են «տեղերից» վերլուծել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին կարծիքները։ Այն, ինչ տեղի է ունենում Երևանում, մենք լավ գիտենք, Բաքվի դիրքորոշումը տվյալ հարցում նույնպես պարզ է, իսկ ինչպիսի՞ տրամադրություններ կան Կարսում։ Հոդվածի հեղինակը՝ Սերդար Ալյամաչը, փորձել է հասկանալ, թե ինչպես են վերաբերվում տվյալ խնդրին սահմանամերձ գոտու բնակիչները։ «Եթե առևտուրը կյանք է, ապա կարելի է ասել, որ Կարսը հետզետե կորցնում է գոյատևելու իր կամքը», - այսպես է սկսվում Hurriyet-ի հոդվածը։ Ընդհանուր առմամբ, նշում է Սերդար Ալյամաչը, քաղաքում ցանկանում են սահմանը բաց տեսնել, սակայն այստեղ էլ «եթե»-ներ կան։ «Եթե»-ներից մեկն այն է, որ ոմանք՝ դրդված ազգայնամոլական գաղափարներից, չեն ցանկանում, որպեսզի իրենց «հայերի ծառաներ անվանեն»։ Ինչպես նշում է Կարսի Կովկասյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Դիկայան, Կարսում բնակվող ազգային խմբերի բազմազանությունը նույնպես իր դերն է խաղում տվյալ հարցում։ «Նահանգում բնակվում են 4 հիմանկան ազգային խմբեր՝ թուրքեր, քրդեր, ադրբեջանցիներ և կարակալպակներ», - ասում է նա։ «Կարող ենք ասել, որ ադրբեջանցիները և կարակալպակները դեմ են սահմանի բացմանը, իսկ քրդերը և թուրքերը՝ կողմ»։ Թուրք տնտեսագետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ Կարսը ծանր տնտեսական վիճակում է գտնվում։ «Կարսը չունի առևտրային ներուժ։ Քաղաքում բնակվող 80,000 մարդկանց կեսը կանաչ քարտ ունի», - ասում է նա։ Հարկ է նշել, որ կանաչ քարտ ստանում են նրանք, ովքեր որպես կարիքավորներ իրավունք ունեն անվճար բուժօգնություն ստանալ։ «Եթե սահմանը բացվի, Կարսը կդառնա առևտրային խոշոր կենտրոն։ Կարս նահանգը 325 կիլոմետր ընդհանուր սահման ունի Հայաստանի հետ և երկու դարպաս։ 1993թ-ից ի վեր միջին հաշվարկով առևտրի բնագավառում տարեկան կորուստը կազմում է 700 մլն դոլար։ Սահմանի վերաբացման դեպքում թուրքական ապրանքների արտահանումը կաճի 400 մլն դոլարով։ Եթե դրա անգամ 20 տոկոսն անցնի Կարսով, ապա այս նահանգը դրախտի կվերածվի»,- նշել է Դիկայան։ Նա նաև ավելացրել է, որ արդեն հիմա Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 100 մլն դոլարի թուրքական ապրանք, որոնք երկիր են ներմուծվում Վրաստանի և Իրանի տարածքով ու շատ ավելի թանկ գնով են վաճառվում։ Սահմանի բացման կողմնակից է նաև Կարսի նախկին քաղաքապետ Ալիբեյօղլին, ով պարտվեց ընտրություններում մարտի 29-ին։ Նա հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում 50 000 ստորագրություն է հավաքել սահմանի վերաբացման կողմնակիցներից։ Հիշեցնենք, որ Կարսում ընդհանուր առմամբ բնակվում է 80 000 մարդ։ «Իսկական էմբարգոյի է ենթարկվել ոչ թե Հայաստանը, այլ Կարսը», - համոզված է քաղաքի Առևտրի պալատի նախագահ Ալի Գյուվենսոյը։ Թուրքական պարբերականի հետ զրույցում նա մանրամասնորեն անդրադարձել է այն առավելություններին, որոնք կստանա Կարս նահանգը սահմանի վերաբացման դեպքում։ Ըստ նրա՝ երկու կողմերն էլ պետք է որոշակի զիջումների գնան, և Հայաստանի դեպքում խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է։ Hurriyet–ի լրագրողը մի շարք մարդկանց հետ է զրուցել, ովքեր կապված են առևտրի բնագավառի հետ, և վերջիններս նույնպես կողմ են արտահայտվել սահմանի վերաբացմանը։ Կարսի ժամանակակից ապրելակերպի աջակցության ասոցիացիայի նախագահ, լրագրող Վեդաթ Ակսայոզը նշել է, որ ինքը եղել է Հայաստանում և հասկացել, որ բոլոր նախապաշարմունքներին կարող է վերջ դրվել։ «Մենք չենք ցանկանում միակողմանի փողոցի վերջը լինել», - ասել է նա։ Սակայն նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրեբջանի ու Թուրքիայի խնդիրները պետք է իրենց լուծում ստանան, այլապես սահմանի վերաբացումից հետո իրավիճակը կարող է քաոսի վերածվել։ Դատելով բազմաթիվ կարծիքներից՝ կարելի է հավելել, որ Կարսում, իհարկե, հասկանում են սահմանի վերաբացման տնտեսական առավելությունները, սակայն «եթե»-ներն առայժմ մնում են։

No comments: