Tuesday, April 21, 2009

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Lragir 21-4-2009- Ռուսաստանի “Վեստի” հեռուստալրատվականին եւ Իտար-Տասս գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ արտահայտվում է “թե այն մարդկանց անվտանգությունը, որոնք այժմ ապրում են այնտեղ եւ ապրելու են, թե Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման հարցը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջության վերականգնամն հարցը”: “Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին միակողմանի լուծում չի կարող լինել: Ադրբեջանը չի տեսնում եւ երբեք չի մասնակցի գործընթացի, որը կենթադրեր Ադրբեջանից Ղարաբաղի իրավաբանական անջատում: Դա մեր միարժեք դիրքորոշումն է”, հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա ասել է, որ պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց հայկական զինուժի դուրսբերման, բայց փուլ առ փուլ: Ալիեւը հայտարարել է, որ հարցը չի կարող լուծվել միջազգային իրավունքի շրջանակից դուրս: “Մենք հասկանում ենք հայկական կողմի համար Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի առկայության կարեւորությունը: Տվյալ դեպքում մենք չենք տեսնում որեւէ խնդիր: Եվ հարցը, կապված Լաչինի միջանցքի հետ, կարող է արդյունավետ լուծվել այնպես, որ անհանգստություն չլինի թե այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում այժմ, եւ թե այն ադրբեջանական բնակչության մոտ, ովքեր այնտեղ կվերադառնան հակամարտության կարգավորումից հետո”, հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա ասել է, որ այդ գործոնների համադրումը կարող է բերել կարգավորման գործընթացի առաջընթացին:

No comments: