Lragir 29-4-2009- Ապրիլի 29-ին, Ազգային Ժողովի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայ-թուրքական հարաբերության կապակցությամբ հարցեր է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասելով, թե անհրաժեշտ է դուրս գալ “առանց նախապայմանների” բառախաղից եւ լինել թափանցիկ, ինչպես մեկ տարի առաջ խոստանում էր կառավարության գործունեության կապակցությամբ նորանշանակ վարչապետը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է, թե արդյոք Տիգրան Սարգսյանը կամ որեւէ մի լիազոր անձ պատասխանելու է արդյոք Թուրքիայի վարչապետ Էրդողանին, ով ցանկանում է Հայաստանը ՄԱԿ-ում ճանաչել տալ օկուպանտ: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է, թե մեզանից որեւէ մեկը հիշեցնելու է արդյոք Թուրքիային, թե ով է օկուպացրել Հայաստանի պատմական տարածքները, Շահումյանը, Դաշտային Ղարաբաղը: Հաջորդ հարցը վերաբերել է ապրիլի 22-ին հայտարարված ճանապարհային քարտեզի դրույթներին: “Այբ` ոչ թե նախապայմաններ, այլ ինչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջեւ: Բեն` ինչ դրույթներ է պարունակում ճանապարհային քարտեզն այդ լույսի ներքո, եւ գիմ` երբ խոսվում է համաձայնեցված հիմքերի մասին, կոնկրետ որ դրույթներն են այնտեղ պարունակված, կոնկրետ, հստակ Ազգային Ժողովի եւ հայ ժողովրդի առաջ, խնդրեմ”, ավարտել է իր հարցը Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է, թե քաջ գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունը զգայուն թեմա է հայ ժողովրդի համար թե Հայաստանում, թե Հայաստանի տարածքից դուրս: “Եվ մենք մեր արտահայտություններում, մեր գնահատականներում պետք է լինենք շատ զգույշ եւ ճշգրիտ, նամանավանդ, երբ խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների հիմք դնելու մասին Թուրքիայի հետ: Եվ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ սա զգայուն թեմա է: Դրա համար փորձում ենք մեր հայտարարություններում լինենք շատ ճշգրիտ”, ասում է Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ արտգործնախարար Նալբանդյանը մանրակրկիտ բացատրել է, թե ինչպիսին է մեր քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե հասկանում է, որ խոսքը ոչ թե հայ-թուրքական բանակցության կետերի մասին է, այլ որ տարբեր են այդ հարաբերության մասին պատկերացումները:
“Այսինքն մենք շատ քաջ գիտակցում են, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք հաստատենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ եւ բացենք սահմանները: Մենք դա լավ գիտակցում ենք: Եվ այն, որ այս բանավեճը պետք է լինի, որ այդ քննարկումները պետք է լինեն, այդ քննարկումները լինելու են հրապարակային, ոչինչ չունենք թաքցնելու, եւ մեր ժողովուրդը, եւ դուք` ժողովրդի ներկայացուցիչներն այստեղ, հնարավորություն եք ունենալու տալ ձեր գնահատականները, նամանավանդ, որ փաստաթուղթն անխուսափելիորեն հայտնվելու է Ազգային Ժողովում: Այդ տեսակետից ես ձեզ հավաստիացնում եմ, որ որեւիցե գաղտնի պայմանավորվածություն, գաղտնի սկզբունք, գաղտնի կետեր, որոնք մենք ձեզ չենք ներկայացնելու, չկա եւ չի լինելու այդպիսի բան: Որոշումները լինելու են ձեր որոշումները”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Նա հայտարարել է նաեւ, թե ունի ասելու եւս մի կարեւոր հանգամանք: “Մեր պատկերացումներն են այդպիսին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, չի կարող լինել, եւ չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական”, ասում է Տիգրան Սարգսյանը, նշելով, թե դա սկզբունքային հարցադրում է եւ դրա շուրջ է, որ կա բանավեճ:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե համաձայն չէ բնութագրման հետ եւ խոսքը հենց պրոհայկական քաղաքականության եւ այն վերջապես ներկայացնելու հրամայականի մասին է խոսքը: Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ հարցրել է Տիգրան Սարգսյանին, թե արդյոք հայ-թուրքական համաձայնության մեջ առկա է Կարսի պայմանագրի հաստատման եւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համաձայնություն: “Ներկա դրությամբ Հայաստանն ընդունել է արդյոք որեւէ մեկ դրույթ սահմանների հետ կապված, ճանաչման հետ կապված, որոնք Կարսի պայմանագրի կրկնությունն են կամ բովանդակության մասն են կազմել, եւ արդյոք կա այդ պատմականությանը նվիրված հանձնաժողովի ընդունումը որպես դրույթ”, հարցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ մասին հանգամանալից եւ հստակ պատասխանել են հանրապետության նախագահն ու արտգործնախարարը: “Չեն եղել եւ չկան այդպիսի կետեր, քանի որ նշվում է, որ մենք գնում ենք հարաբերությունների ստեղծման առանց նախապայմանների: Իսկ ձեր կողմից բոլոր այդ նշված կետերը ենթադրում են, որ կա ինչ որ նախնական պայմանավորվածություն եւ նախնական ինչ որ պայման: Եվս մեկ անգամ Ձեզ հավաստիացնում եմ, որ որեւիցե նախապայման չկա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու եւ սահմաններ բացելու շուրջ: Չկան այդպիսի նախապայմաններ, որովհետեւ հայկական կողմը ի սկզբանե հստակ հայտարարել է, որ մեր քաղաքական դիրքորոշումը` 1990 թվականից սկսված, չի փոխվել, որովհետեւ մենք դեռեւս 1990 թվականին ենք հայտարարել, որ Հայաստանը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների եւ եւս մեկ անգամ Ձեզ հավաստիացնում եմ, որ այս սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment