
HayInfo.21-4-2009- Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական քաղաքական երկխոսության բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
No comments:
Post a Comment