Tuesday, April 21, 2009

ԻՆՉՈՎ ՁԵՌՔ ՉԻ ՏԱԼԻՍ ՄԱԿ-Ը ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Lragir 21-4-2009- Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ՄԱԿ կոնֆերանսում: ԱՄՆ, Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան, Լեհաստանը եւ Նոր Զելանդիան բոյկոտել են կոնֆերանսը, որն անցկացվում է Շվեյցարիայում, ի նշան բողոքի կոնֆերանսին Իրանի նախագահ Ահմադինեժադի մասնակցության: Այս երկրները զգուշացել են, որ Ահմադինեժադը կարող է օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը Իսրայելի հասցեին հերթական մեղադրանքները հնչեցնելու համար: Մտավախություններն իզուր չէին՝ այդպես էլ եղավ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բացմանը հայտարարեց, թե հիասթափված է բոյկոտի փաստից: Ինչպես հայտնում է BBC, առաջին նմանատիպ ֆորումն անց է կացվել ութ տարի առաջ Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում եւ նշանավորվել մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հակասեմական մեկնաբանություններով: Կարելի՞ է դրանից ենթադրել, որ ՄԱԿ-ը վերածվել է հակաարեւմտյան կառույցի, ինքնուրույն վարչական միավորի: Գուցե այդ պատճառո՞վ են մեծ տերություններն արհեստականորեն նսեմացնում ՄԱԿ-ի դերը համաշխարհային խնդիրների համակարգման գործում: Համենայնդեպս, ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, թե մտադիր է միջուկային զենքի հետ կապված հարցերով երկրների ղեկավարների վեհաժողով հրավիրել, բայց ոչ ՄԱԿ-ի շրջանակներում: Ֆինանսական խնդիրները, հակաճգնաժամային պայքարը նույնպես ՄԱԿ-ը չի համակարգում: Թեեւ, ըստ էության, ՄԱԿ-ը հենց դրա համար էլ ստեղծվել է: Ակնհայտ է, որ այս կազմակերպության դերն աստիճանաբար հանգում է զրոյի: Հասկանալի է, որ նրա գոյությունը ձեռնտու չէ նրանց, ովքեր լիակատար իշխանության են ձգտում աշխարհում: Այդ պատճառով էլ ՄԱԿ-ը չեն բարեփոխում, թեեւ բոլորը խոսում են նրա գործունեության անարդյունավետության մասին: Ինչո՞ւ բարեփոխել, որ ՄԱԿ-ը իրական ո՞ւժ դառնա:

No comments: