
/PanARMENIAN.Net/ 04.04.2009 - «Mor Gabriel միաբանություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որում ներգրավված են Գերմանիայի հայկական, հունական, սիրիական (արամեական), ալեւիտական եւ քրդական համայնքների ներկայացուցիչները, բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Թուրքիայում գտնվող միաբանությունն իր իսկական տերերին` Սիրիայի արամեական եկեղեցուն վերադարձնելու կոչով:
«Թուրքիան հենց ձեր այցի օրերին մտադիր է «պաշտոնապես» իրացնել 1600-ամյա պատմություն ունեցող Mor Gabriel-ը: Քրիստոնյա արամեականներից խլում են Թուրքիայում իրենց ներկայության վերջին վկայությունը: Այդ իրադարձությունը մեզ շատ է անհանգստացնում, քանի որ մենք Թուրքիայում քրիստոնեական ներկայության ոչնչացմանն ուղղորդված իրադարձությունների վկաներն ենք, եւ դրան սկիզբ է տրվել 1915 թվականին հայերի կոտորածով: Ինչ վերաբերում է արամեականներին, հույներին եւ եզդիներին, ապա նրանք առ այսօր հետապնդման են ենթարկվում: Թուրքական ազգայնամոլությունն ուղղված է բոլոր այն համայնքների դեմ, որոնք թուրքաիսլամական չեն: Ժամանակին Դուք, որպես սենատոր, Սուդանում խաղաղ բնակիչների բնաջնջումն անվանեցիք ցեղասպանություն, ինչպես նաեւ պահանջեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Մեր գերմանական հետպատերազմյան փորձը սովորեցրել է, որ միայն անցյալի անվայլ արարքների ընդունման միջոցով կարելի է հասնել զարգացմանն ապագայում եւ նպաստել տարբեր մշակույթների խաղաղ գոյակցությանը, ինչի վառ օրինակն է Գերմանիան», -ընդգծվում PanARMENIAN.Net-ի ստացած նամակում:
Նամակը ստորագրել են` Գերմանիայում արամեականների ֆեդերացիան, Գերմանիայում հայերի կենտրոնական կոմիտեն, Եվրոպայում Պոնտի հույների ասոցիացիաների ֆեդերացիան, Քրդստանից ասոցիացիաների ֆեդերացիան, Գերմանիայում հունական համայնքների ասոցիացիան, Եվրոպայում Դերսիմ համայնքների ֆեդերացիան:
No comments:
Post a Comment