Thursday, April 30, 2009

ԽՈԶԱԳՐԻՊԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

Lragir 29-4-2009- Արդյոք աշխարհում արդեն լուրջ տարածում գտած եւ մարդու համար վտանգավոր խոզագրիպը, որի պատճառով օրինակ Կալիֆորնիա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, չի վտանգի Սփյուռքի նախարարության իրականացնելիք “Արի տուն” ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է Հայաստան բերել սփյուռքահայությանը: Ապրիլի 29-ին խորհրդարանի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում այդ հարցը հնչեցրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանը, ով փորձել է պարզել նաեւ, թե Հայաստանն ինչ միջոցներ է ձեռնարկում խոզագրիպի մուտքը կանխելու համար: Դրան ի պատասխան, առողջապահության նախարար, Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Հարություն Քուշքյանը հայտարարել է, թե Հայաստանում խոզագրիպի դեպք չի արձանագրվել, իսկ մուտքը կանխելու համար էլ ձեռնարկվում են միջոցներ: “Մենք նախաձեռնել ենք անհրաժեշտ, հրատապ միջոցառումներ, հիմնվելով համաշխարհային առողջապահական կազմակերպության մեթոդական ցուցումների վրա, նպատակ ունենալով կանխել վարակի ներբերումը եւ տարածումը հանրապետությունում: Եվ այդ միջոցառումներն իրականացվում են Զվարթնոց օդանավակայանում, Գյումրիի օդանավակայանում եւ բոլոր մեր սանիտարակարանտինային կետերում եւ նրանք համալրված են անհրաժեշտ եւ հմուտ նեղ մասնագետներով: Եվ ավելացնեմ, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ համապատասխան հակավիրուսային դեղամիջոցներով”, պատգամավորին պատըասխանել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Մինչ այդ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարց տված պատգամավորին հարցրել էր, իբր կատակով, թե “այդ ով պետք է տուն գար”: Պատգամավորը լուրջ բացատրել է, թե խոսքը “Արի տուն” ծրագրի մասին է, եւ նաեւ այն մասին, որ խոզագրիպի պատճառով արտակարգ դրություն հայտարարված Կալիֆորնիա նահանգում ահագին հայեր են ապրում, որոնք ամռանը գալիս են Հայաստան: “Արդյոք այդ հայերը, որ կարող են գալ, կանխարգելված են, դա էի ուզում իմանալ”, ասել է Բագրատ Սարգսյանը: Հարություն Քուշկյանը պատասխանել է նրան, որ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվում են: “Միջոցառումների վերաբերյալ մենք ավելի մանրամասն նախատեսել ենք իրազեկման ծրագրեր, որը հանրության համար տեղի կունենա հեռուստաընկերությունների միջոցով: Եվ ասեմ, որ այն ուղեւորները, որոնք որ ունենում են գրիպի ախտանիշներին նմանվող ախտանիշներ, նրանք անմիջապես մեկուսացվում են եւ անցնում են համապատասխան ախտորոշում”, ասում է Հարություն Քուշկյանը:

No comments: