Thursday, April 30, 2009

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՄՆՈ՞ՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԻՆ

Տարօրինակ է, որ մի կողմից ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից` արտաքին քաղաքականության ոլորտում իշխանությունների ունեցած սուր տարաձայնությունների պատճառով, մյուս կողմից կարծես թե մտադիր են պահել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս հանձնաժողովի նախագահ, ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պատասխանելով մեր հարցին, մեկնաբանեց. 'Մենք միշտ գործում ենք այն տրամաբանությամբ, որ տարբերությունները պետք է մեզ հարստացնեն, այլ ոչ թե իրար դեմ հանեն: Սա այն հարցն է, որ ի վերջո արտաքին հարվածները չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք ավելի մեծ զինանոց: Եվ այդ զինանոցը կարող է ձեւավորվել, երբ դու ունես տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ: Նաեւ մենք ունենք բանավեճ` այդ խնդրի հետ կապված, ու կարծում եմ` ճիշտ կլինի այդ բանավեճի արտահայտման համապատասխան դաշտ լինի երկրում: Մենք, իհարկե, գործելու ենք այլ կարգավիճակով: Ես որպես հանձնաժողովի նախագահ` ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ լինելու, եւ շատ ավելի բաց, անկաշկանդ ներկայացնելու եմ այն խնդիրները, որ արծարծվելու են': Ի դեպ, ՀՅԴ Գերագույն մարմինն այսօրվա ընթացքում պետք է որոշում կայացնի` ընդունել Հովիկ Աբրահամյանի առաջարկն ու ետ վերցնել ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների հրաժարականների դիմումները, թե ոչ:

No comments: