Saturday, April 18, 2009

Մոսկվան կոնկրետ շահեր է հետապնդում Ղարաբաղյան հակամարտության հարցում

HayInfo. 18-4-2009- Երեկ կայացան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնք հայտնվեցին թե ադրբեջական և թե ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ըստ Комсомольская правда թերթի՝ հանդիպման օրակարգն ավանդական էր՝ առևտրի, տնտեսության, ճգնաժամի դեմ պայքարի հետ կապված խնդիրներ և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այսպես, հրատարակությունը պնդում է, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է դառնալ հայերի և ադրբեջանցիների հիմնական հաշտարարը։ Իլհամ Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին երկու կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, սակայն Ադրբեջանի նախագահը, միևնույն ժամանակ, խոստովանել է, որ Բաքվի և Երևանի միջև դեռևս կան տարաձայնություններ։ Ինչպես հայտնում է Коммерсант-ը, հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկման առանցքային թեման։ Դմիտրի Մեդվեդևը իր գործընկերոջը խոստացել է անել հնարավորը՝ այդ բարդ, բայց «լուծելի» խնդիրը կարգավորելու համար։ Թերթը հիշեցնում է, որ պաշտոնական Մոսկվան ակտիվորեն զբավում է ԼՂ հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներով, որը պետք է կայանա Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք տնտեսական ֆորումի շրջանակներում։ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է քննարկեն մի քանի տարիներ շարունակվող հակամարտության կարգավորման հարցը և, հնարավոր է, համաձայնության գան, ինչպես դա եղավ նախորդ տարվա աշնանը Մոսկվայում։ Коммерсант-ը ենթադրում է, որ Ռուսաստանը, ձգտելով կազմակերպել երկու հակամարտող կողմերի առաջնորդների նոր հանդիպումն իր երկրի տարածքում, ցանկանում է հաստատվել գլխավոր միջնորդի դերում Բաքվի և Երևանի միջև։ Սակայն թերթը նախազգուշացնում է, որ պաշտոնական Մոսկվան անշահախնդիր չէ այդ հարցում։ Ըստ Коммерсант-ի աղբյուրների՝ ռուսական կողմը համառորեն պահանջել է պաշտոնական Բաքվից վերջ դնել ռազմատեխնիկական համագործակցությանն Ադրբեջանի համար բարեկամ երկիր Վրաստանի հետ։

No comments: