
Lragir 21-4-2009- Ապրիլի 20-ին Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը “Ուրվագիծ” հաղորդաշարի հյուրն էր: Պատասխանելով հաղորդավարի հարցերին, վերջում Վազգեն Մանուկյանը սկսեց պատասխանել հաղորդման ընթացքում հեռուստադիտողների հղած հարցերին: Հարցերից մեկը հետեւյալն էր. “Ինչպես կվարվեք, եթե Ձեր կինն ու դուստրը զբոսնեն Հյուսիսային պողոտայում, իսկ ոստիկանները քաշքշեն նրանց”: Վազգեն Մանուկյանն այդ հարցին չպատասխանեց: Իսկ մյուս հարցին, որի հեղինակը փորձում էր իմանալ, թե ինչքանով է Վազգեն Մանուկյանը ծախվել իշխանությանը, ԱԺՄ եւ Հանրային խորհրդի ղեկավարը պատասխանեց, թե գուցե հարցի հեղինակը ինքը ծախվող է եւ մտածում է, որ բոլորն էլ ծախվող են: Այդպես, կամ մոտավորապես այդպես: Համենայն դեպս պատասխանի իմաստը դա էր: Հետո Վազգեն Մանուկյանը հաղորդավարին ասաց, թե ինքը կարծում է, որ լրագրողները չպիտի այդպիսի հիվանդ մարդկանց հարցերը հնչեցնեն:
Պարզվում է, որ Վազգեն Մանուկյանը նաեւ բժիշկ է, եւ այն էլ շատ հմուտ բժիշկ եւ կարող է հեռուստադիտողի հնչեցրած հարցից որոշել` հարցի հեղինակը հիվանդ է, թե ոչ: Ընդ որում, այն դեպքում, երբ հարցը ուղղակի կարդացել է հաղորդավարը: Բայց, վստահելով իհարկե բժիշկ Մանուկյանին, փորձենք հասկանալ, թե ինչ հիվանդ բան կա հնչած երկու հարցերի մեջ: Առաջին հարց տվողը փորձում է իմանալ, ինչ կանի Վազգեն Մանուկյանը, եթե նրա կինն ու դուստրը զբոսնեն Հյուսիսային պողոտայով եւ ոստիկանները ուժ գործադրեն նրանց հանդեպ եւ թույլ չտան այդ զբոսանքը: Որն է այս հարցի մեջ հիվանդությունը: Չէ որ ժամանակին Վազգեն Մանուկյանն ինքն էր զանգվածային բողոքի դրսեւորումով իր անհամաձայնությունն արտահայտում իշխանությանը: Միթե այն ժամանակ Մանուկյանը հիվանդ էր: Թերեւս ոչ: Այդ դեպքում ինչու է այժմ այդպիսի հարցը նրան թվում հիվանդություն, երբ Հյուսիսային պողոտայում քաղաքական անհամաձայնությունը զբոսանքի միջոցով դրսեւորող մարդկանց հանդեպ ոստիկանությունն ուժ է կիրառում: Իսկ գուցե Վազգեն Մանուկյանն է այժմ “հիվանդացել”:
Մյուս հարցի հեղինակը փորձում է իմանալ, թե ինչքանով է իշխանությանը վաճառվել Վազգեն Մանուկյանը: Հարցն իհարկե կոռեկտ չէ: Բայց կոռեկտ չլինելն ու հիվանդ լինելը տարբեր բաներ են: Չէ որ Վազգեն Մանուկյանն ինքն էլ կոռեկտ չէր, երբ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ հայտարարում էր, որ ով ասում է, թե ընտրությունը լինելու է արդար եւ լինելու է օրինական, նա իդիոտ է: Դա ասում էր Վազգեն Մանուկյանը: Իսկ արդար եւ օրինական ընտրության մասին այդ ժամանակ խոսում էին բոլոր իշխանավորները, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսինքն, Վազգեն Մանուկյանը փաստորեն Սերժ Սարգսյանին իդիոտ էր ասում: Միթե այն ժամանակ Վազգեն Մանուկյանը հիվանդ էր: Կամ միթե հիվանդ էր Սերժ Սարգսյանը, ով Արմենիա հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ “այդպես ասողն ինքն է իդիոտ”: Այսինքն Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին էր իդիոտ ասում: Այս ամենը հայտնի է բոլորին, բայց հիմա երեւի շատերն ուզում են նաեւ իմանալ, թե ով էր ի վերջո հիվանդ` Մանուկյանը, թե Սարգսյանը, որ իրար իդիոտ էին ասում, թե նրանք այն ժամանակ լավ էլ առողջ էին, պարզապես հիմա են “հիվանդացել” եւ սկսել են գործակցել հանուն իշխանության եւ հասարակության կապի:
Լավ, հասկանալի է, որ Վազգեն Մանուկյանը “Ուրվագծի” հեռուստադիտողների վերջին երկու հարցին չի պատասխանում, քանի որ դրանց հեղինակներին համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, բայց ինչու Վազգեն Մանուկյանը մինչեւ հիմա չի պատասխանում մամուլի էջերում շատ հնչած եւ նաեւ հանրային մթնոլորտում էլ թեւածող հարցին` ինքն արդարացի՞ էր համարում Սերժ Սարգսյանին ուղղված իր ակնարկներն իդիոտության մասին, թե համարում է, որ այն ժամանակ ինքը ճիշտ էր, իսկ այժմ Սերժ Սարգսյանը փոխվել է: Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն էլ չի պատասխանել նույն հարցին Վազգեն Մանուկյանի կապակցությամբ:
Իշխանությունն ուզում է պատասխանատվության ենթարկել “դեղին” մամուլին զրպարտությունների համար: Իսկ ինչպես վարվել “երփներանգ” գործիչների հետ, որոնք մի օր իրար իդիոտ են ասում, իսկ հաջորդ օրը սկսում են միասին պետություն կառուցել, երկիր բարեփոխել: Ի՞նչ է լինելու նրանց բարեփոխած երկիրը:
Այդ ամենին ի պատասխան նրանք ասում են, թե “բա գիտեք Լեւոնի բարեփոխած երկի՞րն է երկիր լինելու”: Բայց ախր միթե խնդիրը դա է: Լավ, ենթադրենք Լեւոն Տեր-Պետրոսյանը խաբում եւ հոգեխանգարմունքի է հասցնում ժողովրդին, ենթադրենք նա չի բարեփոխելու, այլ քանդելու է երկիրը: Բայց ինչ եք անում դուք, որ Սերժ Սարգսյանին հանցագործ էիք համարում, թալանչի, իսկ այժմ էլ համարում եք բարեփոխիչ, պետականաշեն: Լավ, ենթադրենք ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանից երես թեքեց, բայց ինչու եք մտածում, որ այդպիսով ժողովուրդը ձեզ է սիրելու կամ համակրելու: Առավելագույնը, որ կարող է լինել, դա այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ դասեն ձեր շարքին: Բայց չէ որ դա “վամպիրական”, ոչ թե պետական մտածողություն է: Չէ որ դրանից հետո, երբ այլեւս չմնա մեկը, որը քիչ թե շատ ժողովրդական վարկանիշ կունենա եւ բոլորը կդառնան 1 տոկոսանոցներ, Սերժ Սարգսյանն այլեւս այդ 1-անոցների կարիքը չի ունենալու եւ բոլորից ազատվելու է այնպես, ինչպես եկեղեցում մի ժամանակ ազատվում էին 1 ռուբլիանոցներից, դրանք բաժանելով խաչհամբույրի համար: Եվ նորից սկսելու եք Սերժ Սարգսյանին իդիոտ ակնարկել, բայց նա այլեւս երեւի թե ձեզ չի էլ պատասխանելու, որովհետեւ նրա համար դուք նույնիսկ իդիոտ էլ այլեւս չեք լինի, այլ կլինեք ոչինչ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
No comments:
Post a Comment