
HayInfo. 14-4-2009- Հայ-թուրքական սահմանի բացումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից, կարծում է հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյակը։
«Դուք գիտեք, որ Թուրքիայում շատ ուժեղ է ադրբեջանական լոբբին։ Սակայն Թուրքիայում մարդկանց մեծամասնությունը ցանկանում են, որ սահմանը բացվի, և դրան կողմ է նաև թուրքական կառավարությունը», - Երևանում երեքշաբթի ՍԾՏՀ գործարար խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակներում լրագրողներին ասաց Սոյակը։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
Միաժամանակ նա հիշեցրեց, որ հայ-թուրքական գործարար խորհուրդն արդեն տասը տարի զբաղվում է հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացմամբ, սակայն չի կարող նորմալ գործել քաղաքական դժվարությունների պատճառով։
«Իհարկե, մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել երկու կողմերի հարաբերությունների առաջընթացի համար։ Մենք աջակցում ենք տարբեր ընկերությունների, որպեսզի նրանք ուղղակիորեն համագործակցեն միմյանց հետ։ Ավելացվել է նաև գործարար հարաբերությունների մակարդակը, սակայն մեծ առաջընթաց մենք ակնկալում ենք սահմանի բացումից հետո», - ասաց նա։
Սոյակը նշեց, որ գործարար խորհուրդն անմիջական հանդիպումներ է կազմակերպում հայ և թուրք գործարարների միջև, պայմաններ է ստեղծում բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց գործարար խորհրդի համանախագահը, մի քանի օրից Թուրքիայից Հայաստան կժամանի կինոխումբ, որը ֆիլմ կնկարահանի Արաքս գետի մասին։
Գործարար խորհրդի համանախագահի կարծիքով՝ սահմանի բացման հույս կա, հատկապես Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան կատարած այցից հետո։
Սոյակը նշեց, որ երկու կողմերն էլ շատ ընդհանուր դիրքորոշումներ ունեն փոխըմռնում հաստատելու համար, և ոչ մեծ քաղաքական քայլեր պետք է ձեռնարկվեն երկու կողմերից էլ։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը սկսվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
No comments:
Post a Comment