Thursday, April 2, 2009

Տնտեսության անկումը կշարունակվի

«Առավոտ» 1-4-2009- Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ ) կանխատեսումների, տնտեսական ճգնաժամի պայմաններում արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը եւ անբարենպաստ առեւտրի պայմանները կշարունակեն Հայաստանի տնտեսության վրա բացասաբար անդրադառնալ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը: Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում 2009-ին շարունակվելու է նվազման միտումը, ինչը պայմանավորված է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ, ինչպես նաեւ շինարարության աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ: 2008-ի վերջին երկու ամիսներին մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտում արձանագրված աճի տեմպի նվազման միտումները կդրսեւորվեն նաեւ այս տարի: ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն վերանայել են նաեւ արդյունաբերության ոլորտի կանխատեսումները եւ այստեղ եւս արձանագրել աճի տեմպերի նվազում: Սա պայմանավորված է համաշխարհային պահանջարկի անկման արդյունքում հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության եւ մետաղագործության ոլորտներում արտադրական ծավալների անկմամբ: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա կանխատեսվում է, որ այս տարի մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կնվազի ավելի քան 7%-ով՝ պայմանավորված տնտեսության մեջ աշխատուժի առաջարկի էական աճով: Կանխատեսվում է, որ աշխատավարձերը կավելացնեն միայն բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպությունները:

No comments: