
Lragir 28-4-2009- Հայ-թուրքական հարաբերության “ճանապահային քարտեզի” գոյության մասին լուրն իսկապես անակնկալ էր, այն իմաստով, որ նախապես ոչինչ չէր խոսվել այն մասին, որ կողմերը մշակում են այդպիսի քարտեզ: Այդպիսի քարտեզ մշակելու մեջ ինքնին վատ բան չկա: Նույնիսկ կարելի է ասել, լեզուների օրինակով, որ ինչքան քարտեզ գիտես, այդքան մարդ ես: Խնդիրն այն է, թե ինչպիսին են այդ քարտեզները, այսինքն ինչ ճանապարհ են դրանք նախանշում: Այդ տեսանկյունից, հայ-թուրքական քարտեզի մասին միակ “վավերագրությունն” առայժմ թուրքական Սաբահի ոչ պաշտոնական աղբյուրների հիման վրա արված հրապարակումն է, որտեղ նշվում են “ճանապարհային քարտեզի” 5 կետերը` Կարսի պայմանագրի ճանաչում, սահմանների բացում, դիվանագիական ներկայացուցչությունների բացում, “ճանապարհային քարտեզի” վավերացում խորհրդարաններում, պատմաբանների հանձնաժողովի ստեղծում :
Հայաստանի իշխանությունն արդեն հայտարարել է, ի դեմս արտգործնախարարության խոսնակի, որ պետք չէ հավատալ թուրքական թերթին, այլ պետք է Հայաստանի իշխանության պաշտոնական հայտարարությանը հավատալ: Իսկ թե երբ է Հայաստանը պաշտոնապես հայտարարելու, թե ինչ կետեր կան “ճանապարհային քարտեզում”, արտգործնախարարության խոսնակը չի ասել, ընդամենը հայտարարելով, որ Հայաստանը դրանք կհրապարակի, երբ որ հարկ լինի: Դրա հաջորդ օրը, Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե “վստահ է, որ տեսանելի ապագայում հայ հասարակությանը կներկայացվի այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են Թուրքիայի հետ ու հանրությունն իր հավանությունը կտա դրան”:
Հետաքրքիր կլիներ իհարկե, որ “ճանապարհային քարտեզը” գաղտնազերծվեր, եւ մեկ էլ պարզվեր, որ իրականում այն ոչ թե ճանապարհային, այլ ճանապարհորդական քարտեզ է: Այսինքն, իրականում պարզվեր, որ հայ-թուրքական բանակցության այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է այն քաղաքների հաջորդականությունը, ժամանակացույցը, ճաշացանկն ու գնացուցակը, որտեղ պետք է հետագայում տեղի ունենան հայ-թուրքական հանդիպումները նախագահների կամ արտգործնախարարների, կամ էլի ինչ որ պաշտոնյաների մակարդակով: Սակայն պետք է ասել, որ դրանից այդ փաստաթղթի կարեւորությունը եւ լրջությունն ամենեւին էլ չի տուժում: Ավելին, այդպիսով փաստաթուղթը դառնում է շատ ավելի լուրջ եւ շատ ավելի առարկայական` հատկապես ճաշացանկի մասով: Չէ որ հայտնի է, որ ով ինչպես ուտում է, այդպես էլ աշխատում է: Հետեւաբար, երբ հանրությունը տեղեկանա, թե ինչպես են սնվում, ինչ եւ ինչքան են ուտում հայ-թուրքական հանդիպումների մասնակիցները, կարող է պատկրացում կազմել նրանց աշխատանքի ինտենսիվության, հետեւաբար նաեւ մոտալուտ արդյունքի մասին:
Այնպես որ, շատ լավ կլինի, եթե պարզվի, որ քարտեզն իրականում ճանապարհային չէ, այլ ճանապարհորդական: Դա կնշանակի, որ հայ-թուրքական հարաբերությունն իսկապես գործնական ընթացքում է եւ կողմերն իսկապես մոտ են ինչ որ պայմանավորվածության: “Ճանապարհային քարտեզը” կարծես թե վկայում է հակառակի մասին: Այսինքն, կարծես թե այդ տերմինը հրապարակ է նետվել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը լճացումից փրկելու համար, այդ գործընթացի մինչ այժմ եղած վիճակում ինչ որ ձեռքբերում, ինչ որ արված գործ ցույց տալու, ինչպես նաեւ շարունակության ինչ որ հիմք ապահովելու համար: Բայց դա իհարկե չի նշանակում, որ քարտեզի գոյությունից պետք չէ անհանգստանալ: Անհանգստանալու պատճառը ոչ միայն դրա գաղտնիությունն է, այլ թերեւս այն, որ քարտեզը հենց ենթադրում է երկարատեւ գործընթացի հեռանկար: Այսինքն, քարտեզն իրականում ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է հայ-թուրքական սահմանի բացումը: Իսկ եթե նկատի ունենանք, որ այդ սահմանը փակել է եւ չի բացում Թուրքիան, ու նաեւ հիշենք, թե ինչի համար է փակել եւ ինչ նախապայմանով է, որ չի բացում, ապա երկար տրամաբանել պետք չէ, հասկանալու համար, թե ում շահից է բխում հայ-թուրքական սահմանի բացման պրոցեսի երկարաձգումը: Համենայն դեպս պարզ է, որ Հայաստանի շահից չի բխում:
Այլ խնդիր է իհարկե Հայաստանի իշխանության շահը: Ինչքան այդ գործընթացը ձգվում է եւ ինչքան կոնկրետ քայլերի ժամանակը հեռանում է, այդքան նպաստավոր իրավիճակ է ստեղծվում իշխանության եւ դրա գլուխ կանգնած Սերժ Սարգսյանի համար, քանի որ այդպիսով նա շարունակում է մնալ միջազգային մի խաղի մեջ, որը ներքին կյանքում նրան իհարկե կարող է բավական անհարմարություններ պատճառել, բայց ապահովել արտաքին լեգիտիմություն: Իսկ դա իշխանության համար կարեւոր է այն պատճառով, որ իշանությունն ակնհայտորեն առաջնորդվել եւ առաջնորդվում է ոչ թե ներքին լեգիտիմության միջոցով արտաքին լեգիտիմության հասնելու, այլ արտաքինի օգնությամբ ներքին լեգիտիմություն պարտադրելու սկզբունքով: Քանի դեռ բացակայում է կոնկրետ քայլերի պարտադրանքը, իշխանության այդ սկզբունքը կամ մոտեցումն արդարացնում է իրեն, բայց միայն իշխանական դիրքի պահպանման տեսանկյունից, քանի որ պետության դիրքը, թեկուզ հայ-թուրքական գործընթացի առումով միայն, թուլանում է, եթե հարաբերությունը կա, բայց արդյունքը` այսինքն հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերության հաստատումը, հեռացվում է հնարավորինս, եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ արդյունքի համար չկա որեւէ նախապայման:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
No comments:
Post a Comment