
HayInfo. 24-4-2009- Հայաստանը պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Կիևում հայտարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը։
«Հայերը, երբեք չմոռանալով անցյալը, նայում են առաջ... Հայաստանը պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների», - մեջբերում է Խաչատրյանի խոսքերը Analitika.at.ua ինտերնետային հրատարակությունը։
Դեսպանի խոսքերով՝ «հայկական հարցն ու մեր զոհերի հիշատակը միշտ կմնան մեր սրտերում»։
«Մենք հզոր ուժ, հզոր միաբանություն ունեցող ժողովուրդ ենք։ Ես մեծ հույս ունեմ, որ մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի այս ողբերգությունը երբեք և ոչ մեկի մոտ այլևս չկրկնվի։ Մեր ազգային կամքն է, որպեսզի ողջ աշխարհն ապրի խաղաղ և համերաշխ, և որ նման ողբերգություն ոչ ոք և երբեք չվերապրի», - ասել է Խաչատրյանը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
No comments:
Post a Comment