
HayInfo. 8-4-2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը վերջ կդնի թուրք-ադրբեջանական դաշինքին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
«Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ զարգացում կունենան հայ-թուրքական հարաբերությունները, ես ավելի կարևոր եմ համարում այն, որ հարաբերությունների բարելավումը վերջ կդնի թուրք-ադրբեջանական դաշինքին։ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգն արդեն մեռած է»,- հայտարարեց Գիրագոսյանը։
Նա նշեց, որ նման իրավիճակում Հայաստանի կողմ ուղղված Թուրքիայի յուրաքանչյուր քայլը հեռացնում է Թուրքիային Ադրբեջանից։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում երկկողմ հարաբերությունների կարգավորման համար, մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը սկսվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
No comments:
Post a Comment