Thursday, April 2, 2009

Ադրբեջանը սխալ դաս է քաղել Վրաստանի օգոստոսյան պատերազմից. փորձագետ

HayInfo-1-4-2009- Ադրբեջանը սխալ դաս է քաղել 2008 թ.-ի Վրաստանի օգոստոսյան պատերազմից, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։ «Ադրբեջանը կարծում է, որ Վրաստանի գլխավոր սխալն այն էր, որ ուժ է կիրառել՝ պատրաստ չլինելով պատերազմին։ Նրանք ընդգծում են, որ ուժի կդիմեն միայն այն դեպքում, երբ լիովին վստահ լինեն հաջողության մեջ»,- ընդգծեց Գիրագոսյանը։ Փորձագետի խոսքերով՝ օգոստոսյան հակամարտության գլխավոր դասն այն էր, որ սառեցված հակամարտությունները չի կարելի լուծել զենքի միջոցով։ Գիրագոսյանն ընդգծեց, որ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները դա արդեն հասկացել են։ Նա նշեց նաև, որ օգոստոսյան պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, խափանեց ՆԱՏՕ մտնելու Վրաստանի հույսերը, թուլացրեց վրացական ռազմական ներուժը, ձախողեց Վրաստանն իր համար հենարան օգտագործելու՝ Արևմուտքի հույսերը։ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: