Saturday, November 10, 2012

«Թուրքիայի կառավարությունը մեծապես աջակցում է սիրիացի ապստամբներին». Քոֆի Անան

1in.am. 10-11-2012- Deutsche Welle-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը շվեդական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կառավարություններն աջակցում են Սիրիայում զինված խմբավորումներին: Անանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով, ինչին պետք է աջակցեն միջազգային հանրությունն ու տարածաշրջանի երկրները: Նա հավելել է, որ դրան հակառակ` տարածաշրջանային մի շարք երկրների կառավարություններ կողմ են խնդրի ռազմական հանգուցալուծմանը, ինչը, սակայն, հաջողություն չի ունենում, խնդիրն ավելի է խորանում, և հազարավոր մարդիկ շարունակում են զոհվել: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե տարածաշրջանի որ երկրների մասին է խոսքը` Անանը հայտարարել է, որ դա հայտնի է բոլորին` խոսքը Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի մասին է, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում սիրիացի ապստամբներին: Անանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից ամենամեծ կորուստներով դուրս է գալու Սիրիայի ժողովուրդը:

No comments: