Wednesday, April 22, 2009

ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

21 ապրիլի 2009թ., Երեւան Այսօր ժամը 14-ին «Ժառանգություն» կուսակցության շուրջ 70 երիտասարդ ակտիվիստներ ու համակիրներ` ի հեճուկս ոստիկանության կողմից հարուցված խոչընդոտների (երթի մասնակիցների թիվը, ծրագրվածի համապատասխան չէր անցնում 100-ից եւ քաղաքապետարանին տեղեկացնելու որեւէ իրավական պահանջ լինել չէր կարող), երթով անցան Սարյանի արձանի հարակից պուրակից դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանություն տանող ճանապարհը` ձեռքերում պահած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, «Ժառանգություն» կուսակցության դրոշները, ինչպեսեւ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 21 երկրների դրոշները պատկերող ցուցապաստառներ: Երիտասարդները ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Սթիվ Բենքսին հանձնեցին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Հ. Օբամային ուղղված իրենց խնդրագիրը, որով նրան կոչ են անում ճանաչել թե՛ Ցեղասպանությունը, եւ թե՛ Հայոց մեծ հայրենազրկումը (ուղերձի տեքստը տես ստորեւ): «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն ԱՄՆ նախագահ պարոն Բարաք Հյուսեին Օբամային Մեծարգո պրն Նախագահ, Հայաստանում գործող «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներս անչափ խանդավառված ենք ԱՄՆ նախագահ Ձեր ընտրության կապակցությամբ: Մենք լիահույս ենք, որ Ձեր ընտրությունը նոր խթան կհանդիսանա ոչ միայն ամերիկացիների, այլեւ ողջ մարդկության առաջընթացի համար, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազատության եւ արդարության սկզբունքների գերակայության առումով: Մեզ հատկապես ոգեւորել է նախընտրական շրջանում Ձեր տված խոստումը` ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը եւ, որպես ԱՄՆ նախագահ, 20-ամյա ընդմիջմամբ, վերստին իրերը կոչել իրենց անուններով: Մեր կարծիքով` շատ կարեւոր է, որ բոլոր ազգերն ու պետությունները իբրեւ քաղաքակրթական մարտահրավեր եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության մնայուն երաշխիք` անդրադառնան իրենց պատմությանը` երես առ երես, որքան էլ դառը լինի այդ առերեսումը: Մենք` 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ սակավաթիվ մշեցիների, սասունցիների, վանեցիների, կիլիկիացիների, ղարսեցիների, սուրմալուցիների, էրզրումցիների, մալաթիացիների, սեբաստացիների, արաբկիրցիների, զեյթունցիների, մարաշցիների, բութանիացիների թոռներս ու ծոռներս, նոր սերնդի ներկայացուցիչներս, առայժմ համբերատար սպասում ենք, թե մեզ երբ է միջազգային իրավունքի տառին համապատասխան հնարավորություն տրվելու վերադառնալ մեզնից ապօրինաբար եւ Ցեղասպանության հետեւանքով բռնազավթված հայրենիք` Արեւմտյան Հայաստան, եւ վերատիրանալ մեզ պատկանող կալվածքներին` հողերին ու տներին: Մենք դատապարտում ենք միջազգային ատյանների ցանկացած փորձ` երկակի չափանիշներ կիրառել տարածաշրջանի այս կամ այն ազգերի հանդեպ` շրջանցելով միջազգային իրավունքը եւ հիմնվելով բացառապես այն հանգամանքի վրա, թե ով ավելի ուժեղ է կամ ում բնական պաշարամիջոցներն ավելի շատ են: Հարգարժան պարոն Նախագահ, մենք` «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության երիտասարդներս, հորդորում ենք Ձեզ ճանաչել ոչ միայն 1915-1922թթ. հայերի հանդեպ թուրքական պետության գործած ցեղասպանությունը, այլեւ Հայոց մեծ հայրենազրկումը, որի հետեւանքով մի ողջ ազգ կորցրեց իր պատմական հայրենիքի շուրջ 90 տոկոսը` այն տարածքները, որտեղ մինչ այդ ապրել էր հազարամյակներ` ստեղծելով հարուստ քաղաքակրթություն, մշակութային մեծ արժեքներ: Մենք տակավին ապավինում ենք առողջ բանականությանը եւ հավատում, որ ազգերի միջեւ առկա կնճռոտ հարցերը վաղ թե ուշ լուծվելու են միջազգային իրավունքի հիման վրա` մեղավորների իրավահաջորդների զղջման, ապաշխարանքի եւ փոխհատուցման արդար ճանապարհով: Որովհետեւ անարդարությունը, միջազգային ատյանների կամ հզոր տերությունների անտարբերությունը կարող են մեծացնել կորսված ու արհամարհված իրավունքները սեփական միջոցներով վերականգնելու, զորեղ, բայց բիրտ ուժի դեմ ասիմետրիկ ուժ կիրառելու գայթակղությունը, ինչը հղի է բոլորիս համար նոր մարտահրավերներով եւ ի զորու է սասանել անվտանգության ու կայունության հիմքերը ամբողջ աշխարհում: Կարծում ենք, որ թուրքերը, ում հետ մենք հուսով ենք մոտ ապագայում հաստատել արդարության, պատմական եւ միջազգային իրավունքի վրա հիմնված բնականոն հարաբերություններ, ունեն Ձեր անկեղծ աջակցության կարիքը` սեփական անցյալը սրբագրելու եւ ազգերի համաշխարհային ընտանիք մաքրագործված վերադառնալու դժվարին ճանապարհին: Խորին հարգանքներով` 1. Կիրակոսյան Մելինե 2. Սարգսյան Աշխեն 3. Մհերյան Արտակ 4. Տոնոյան Հակոբ 5. Տոնոյան Գոհար 6. Տոնոյան Աստղիկ 7. Քոչարյան Գագիկ 8. Սարդարյան Արեն 9. Պողոսյան Նարինե 10. Նազլուխանյան Գոհար 11. Մարկոսյան Դավիթ 12. Մարկոսյան Արմեն 13. Գեւորգյան Սիրարփի 14. Գրիգորյան Դավիթ 15. Հակոբյան Լիլիթ 16. Միրզախանյան Սամվել 17. Երանոսյան Նարեկ 18. Մնացականյան Արսեն 19. Հովհաննիսյան Անահիտ 20. Մաթեւոսյան Նանա 21. Սարգսյան Անի 22. Սանասարյան Դավիթ 23. Իսախանյան Ոսկեհատ 24. Հակոբյան Մարգարիտ 25. Մաթեւոսյան Մերի 26. Ղազարյան Մարիամ 27. Ղազարյան Սրբուհի 21 ապրիլի 2009թ. Երեւան, Հայաստանի Հանրապետություն

No comments: