Monday, May 18, 2009

Թուրք ցուցարարները պահանջել են Էրդողանի հրաժարականը

Tert.am. 18-5-2009- Անկարայում տեղի է ունեցել աշխարհիկ բարքերի կողմնակիցների բազմահազարանոց ցույց: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին Թուրքիայի դրոշներ և Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարները` վանկարկելով «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք», «Պաշտպանում ենք ժողովրդավարությունը»: Ցույցի մասնակիցները պահանջում էին վարչապետ Էրդողանի հրաժարականը, ով, նրանց կարծիքով, խոչընդոտում է աշխարհիկ բարքերի հաստատմանը: Ցուցարարներից մեկի խոսքերով` «երկիրը պառակտված է, ազգային արժեքները` կործանված»: »Ահա թե ինչու ենք մենք այսօր այստեղ եկել: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր հանրապետությունը և քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները», - ասել է ցուցարարներից մեկը։ Հավաքվածները նաև պահանջում էին ազատ արձակել մի շարք պետական գործիչների, ովքեր ձերբակալվել են հակակառավարական դավադրանք կազմակերպելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է Euronews ալիքը, ակցիայի մասնակիցները նաև իրենց դժգոհությունն են հայտնել այն գործողությունների վերաբերյալ, որոնք կառավարությունը ձեռնարկում է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու համար: Ընդդիմականները երթ են կազմակերպել մայրաքաղաքի Թանդողան հրապարակից մինչև Քեմալ Աթաթուրքի դամբարան:

No comments: