Monday, May 18, 2009

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը

Tert.am. 18-5-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրը։ «Թուրքիան և Ռուսաստանը պարտականություններ ունեն տարածաշրջանում։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք հանուն տարածաշրջանի խաղաղության և բարեկեցության։ Այդ հարցերի թվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Մերձավոր Արևելքի հակամարտությունը և Կիպրոսի խնդիրը»,- նշել է Թուրքիայի վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, Էրդողանը հորդորել է Ռուսաստանին, ինչպես նաև Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային, ովքեր համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ավելի մեծ ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար։ Իր հերթին, Պուտինը նշել է, որ «Ռուսաստանը և Թուրքիան ցանկանում են, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն, և ամեն կերպ կաջակցեն դրան», սակայն, ՌԴ վարչապետի խոսքերով, ԼՂ հակամարտության շուրջ փոխզիջումը պետք է ձեռք բերվի անմիջապես հակամարտության մասնակիցների կողմից։

No comments: