Saturday, May 2, 2009

ՂԱՐԱԲԱՂԻ ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

Lragir 1-5-2009- Ղարաբաղյան կարգավորման բանակցությունն արդեն շատ տարիներ անց է կացվում առանց Ղարաբաղի մասնակցության: Սակայն, բացի բանակցությանը մասնակցելու իրավունքից, Ղարաբաղը գրեթե կորցրել է սեփական ճակատագրի շուրջ քննարկումների հանդեպ հետաքրքրությունը: Սակայն վերջին ժամանակներս, այն բանից հետո, երբ ղարաբաղյան թեման սկսեց քննարկվել որպես հայ-թուրքական հարաբերության կարգավորման գին, կամ էլ հակառակը՝ նախապայման, Ղարաբաղում սկսել են հայտարարություններ հնչել, որոնք կարող են խառնել խաղաքարտերը, նույնիսկ գերտերությունների: Երկար ժամանակ, չնայած նրան, որ աշխարհում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին բանակցությունները ղարաբաղյան թեմայով, բուն Ղարաբաղում բացակայում էին հրապարակային բանավեճերը նույն թեմայով: Ավելին, ինչ որ պատճառներով այդ թեման արգելքի տակ էր: Սակայն օրերս ԼՂՀ խորհրդարանը “զանգվածային գրոհ” ձեռնարկեց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի դեմ, նրանից պահանջելով պարզաբանումներ հայ-թուրքական հարաբերությունների եւ դրան առնչվող ղարաբաղյան կարգավորման մասին: Նման բան չէր եղել առնվազն 15 տարի: Ղարաբաղյան խորհրդարանում քննարկվում էր ինչ ասես, բայց միայն ոչ ղարաբաղյան թեման: Եւ այս ֆոնին ամպրոպի պես հնչեց գաղափարը՝ զրկել Երեւանին բանակցություններին Ղարաբաղը ներկայացնելու լիազորությունից: Այս գաղափարը հասունանում էր վերջին մի քանի տարիներին, երբ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է հրաժարվել բանակցությունից հօգուտ Ղարաբաղի: Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին այդ գաղափարը դուր չեկավ, նա բավական կոպիտ հակադարձեց իր գործընկերոջը, խորհուրդ տալով “ձուկ չբռնել պղտոր ջրում”: Սակայն նստվածքն, այնուամենայնիվ, մնաց: Ղարաբաղը, ոչ բարձրաձայն եւ ոչ այնքան հաստատակամ, պահանջում էր վերանայել բանակցության ձեւաչափը, Հայաստանը տեսք էր ընդունում, թե դեմ չէ, սակայն որեւէ միջոց չէր ձեռնարկում: Հարցը մի քանի ամիս առաջ բարձրացվեց ԼՂՀ խորհրդարանում, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը: Այն ժամանակ համանախագահները պարզ ասացին ղարաբաղցի պատգամավորներին, որ այդ հարցերը պետք է նրանք լուծեն Հայաստանի հետ: Դրանից հետո Ստեփանակերտ մեկնեց Սերժ Սարգսյանը, ով, թերեւս, ինչ որ երաշխիքներ տվեց, եւ Ղարաբաղը բանակցությանը ներգրավելու խոսակցությունները կրկին խաղաղվեցին: Սակայն ինչ որ բան փոխվել է: Ղարաբաղյան խորհրդարանի վերջին նիստերից մեկում պատգամավորներից մեկը հարց բարձրացրեց այն մասին, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ չկան գրավոր համաձայնագրեր, որոնք թույլ տան Հայաստանին բանակցություններին խոսել Ղարաբաղի անունից: Առաջարկվեց օրենք ընդունել, որն արգելեր Հայաստանին հանդես գալ Ղարաբաղի անունից, եւ նաեւ՝ պայմանավորվել այն մասին, ինչը ակնհայտ հակասում է ԼՂՀ շահերին: Եւ, մեր տեղեկություններով, օրերս հրավիրվելու է ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որին քննարկվելու է այդ օրինագիծը: Այն, որ “մադրիդյան առաջարկները”, որոնք Հայաստանը համառորեն շարունակում է քննարկել բանակցություններին, հակասում են Ղարաբաղի շահերին, ուղղակի եւ հստակ հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, խորհրդարանի այդ նույն նիստի ժամանակ: Նա նշեց, որ բազմիցս է հայտարարել այդ մասին, նկատի ունենալով “մադրիդյան սկզբունքների” այնպիսի կետեր, ինչպես հայկական զորքի դուրսբերումը, փախստականների վերադարձը եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումը: Նրա հետ համաձայնեցին խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Ավելի վաղ այդ սկզբունքներին դեմ էին արտահայտվել նաեւ Ղարաբաղի հասարակական կազմակերպությունները: Մեր՝ Ղարաբաղը բանակցություններին ներգրավելու պահանջներին արձագանքի բացակայությունը մեզ իրավունք է տալիս չենթարկվել մեր թիկունքում ընդունված որոշումներին,- նման կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Գեորգի Պետրոսյանը: Նման հայտարարությունները նշանակում են կտրուկ շրջադարձ ղարաբաղյան կարգավորման մեջ: Հայկական լրատվամիջոցները, դիտավորությամբ թե չգիտակցելով, առանձնապես չտարածեցին ղարաբաղյան խորհրդարանի այդ նիստի աննախադեպ որոշման մասին տեղեկատվությունը: Թերեւս, նրանք սպասում են քաղաքական ուժերի արձագանքներին, որոնք էլ, իրենց հերթին, սպասում են, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը: Կա վարկած, որ այդ որոշումներն ընդունվել են ոչ առանց Սերժ Սարգսյանի գիտության, ով անկյուն է քշվել հայ-թուրքական բանակցության ճնշումից: Ներկայում նա իսկապես կարիք ունի ճեղքել ավելի վաղ դրված պատնեշները: Մի պատնեշը, որ կոչվում է Դաշնակցություն, կարծես թե ընկավ, սակայն դա, պարզվեց, քիչ է: Հասարակությունը չաջակցեց մի կուսակցության, որը հանդես է գալիս ընդդեմ Կարսի պայմանագրի վավերացման: Մնում է Ղարաբաղը, որի դեմարշը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը: Եւ ահա ղարաբաղյան խորհրդարանին “հակահայկական հայտարարությունների” քարտ-բլանշ տրվեց: Թե որքանով է այս վարկածը համապատասխանում իրականությանը, այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորը, որ այս քայլը կարող է կանխել Հայաստանի ու Ղարաբաղի համար կործանարար որոշումների ընդունումը: Ներկայիս ստատուս-քվոն ստեղծվել է շնորհիվ այն բանի, որ հայերը Ղարաբաղում եւ Ղարաբաղից դուրս գիտակցել են սեփական շահը պաշտպանվելու անհրաժեշտությունը, եւ ստատուս-քվոյի փոփոխությունը նույնպես հնարավոր է միայն այն բանից հետո, երբ այդ փոփոխության անհրաժեշտությունը ապացուցվի: Առայժմ այս վերջին օգտին հստակ փաստարկներ առայժմ չեն հնչել: ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

No comments: