Saturday, May 30, 2009

ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԻՑ

«Լրագիր» 29-5-2009- Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի քույրը, Կարինե Նաղդալյանը, մայիսի 29-ին Ուրբաթ ակումբում խոսել է եղբոր սպանության պատվերը կատարելու համար մեղադրված եւ այդ մեղադրանքի հիման վրա 15 տարի ազատազրկված Արմեն Սարգսյանի` Վազգեն Սարգսյանի եղբոր վաղաժամկետ ազատման մասին, ասելով, թե ազատումը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, առանց տուժողի հարազատներին տեղյակ պահելու, իսկ ազատ արձակման հետ կապված փաստաթղթերն էլ Կարինե Նաղդալյանին չեն տրամադրվում:Նաղդալյանը ասում է, թե Արմեն Սարգսյանի ազատ արձակման մասին տեղեկացել է հեռուստատեսային լուրերով: “Նման որոշումները, իհարկե, բոլորին էլ պարզ է, որ նման որոշումները կատարվում են միայն նախագահի միջամտության շնորհիվ, այլապես հնարավոր չէ, որ 15 տարի դատապարտված անձը 5 տարի վեց ամսում հայտնվեր ազատության մեջ: Չնայած լուրերով այդ մասին չասվեց, ուղղակի հայտարարվեց, որ վաղաժամկետ ազատ է արձակվել”, ասում է Կարինե Նաղդալյանը:Տարօրինակն, ըստ նրա, այն է, որ բոլոր հեռուստաընկերություններով տրվում էր, որ Արմեն Սարգսյանը դատապարտված է 10 տարվա: Կարինե Նաղդալյանի համար զարմանալի է, թե ինչու էր ասվում 10 տարի, փոխանակ նշվեր 15 տարվա մասին: Դրանից երկու օր անց, Գյումրիում, լրագրողները Սերժ Սարգսյանին հարցնում են, թե ինչով է պայմանավորված Արմեն Սարգսյանի ազատումը, հարցնելով, թե արդյոք կարելի էր ներում շնորհել Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուին: Այդ մասին ասում է Կարինե Նաղդալյանը, ով հեռուստատեսությամբ լսել է, թե հարցը, թե Սերժ Սարգսյանի պատասխանը:“Նախագահի պատասխանն ինձ նույնպես ցնցեց: Նա պատասխանեց, որ ինքը ոչ մի ներում էլ չի շնորհել, պարզապես իրեն տրված իրավասությամբ կրճատել է ժամկետը: Ելնելով այս բանից, իհարկե ինչքանով որ տեղյակ էի, գիտեի, որ նախագահին նման իրավասություններ տրված չէ: Սահմանադրորեն տրված է ներում եւ ոչ լրիվ, մասնակի ներում շնորհելը: Բայց իրավասություններով տրված չէ ժամանակ կրճատելը”, ասում է Կարինե Նաղդալյանը:Նա այդ կապակցությամբ հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ, ով Նաղդալյանին ասել է, թե Արմեն Սարգսյանին ազատել են վարչական դատարանի եւ վաղաժամկետ ազատման հարցերի հանձնաժողովի որոշմամբ, իսկ նախագահը դրա հետ կապ չի ունեցել: Հետո Կարինե Նաղդալյանը պնդել է, որ ինքը լսել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանն ասում, որ ինքն է կրճատել Արմեն Սարգսյանի պատիժը: Գեւորգ Դանիելյանը ի վերջո հանձնարարել է, որ գտնեն այդ հարցվազրույցը: Գտել են, բերել, ինչպես Կարինե Նաղդալյանն է պատմում, եւ նախարարը ծնոթացել է դրան, այսինքն Սերժ Սարգսյանի այդ խոսքերին:“Պարոն Դանիելյանը զարմացավ, ուսերը թափ տվեց եւ բնականաբար այլեւս չկարողացավ ոչինչ չպտասխանել”, ասում է Կարինե Նաղդալյանը: Նա ասում է, թե ինքը թե նախարարին, թե պատկան բոլոր մարմիններին, դիմել է, որ տրամադրեն Արմեն Սարգսյանի ազատ արձակման օրինական հիմքերը հավաստող փաստաթղթերը, սակայն առ այսօր չի ստացել ու դրա համար որոշել է հարցը բարձրաձայնել ասուլիսի միջոցով: Նա դիմել է նույնիսկ մարդու իրավունքի պաշտպանին, սակայն այդ դիմումն էլ չի նպաստել, որ ստանա այն փաստաթղթերը, որոնք կվկայեն, թե հատկապես ի վերջո ինչ ճանապարհով եւ ում որոշումով է ազատվել Արմեն Սարգսյանը: “Քաղաքական ենթատեքստ տեսնում եմ այն բանում, որ ինձ թվում է, որ այդ որոշումը պարզապես ոմանց բերանները փակելու համար է: Բայց այնուամենայնիվ պետք է դա հիմքեր ունենա: Ոմաց, նկատի ունեմ հենց Արամ Սարգսյանին, որը ամիսներ շարունակ վիրավորում, անպատվում էր, հա, մեր այժմյան նախագահին, եւ նրանք, ովքեր գոռում գոչում են, ովքեր ցույցեր են կազմակերպում: Նրանց հետ հաշվի են նստում, իսկ երբ որ մենք գնում ենք բարեկիրթ ճանապարհներով, օրինական ճանապարհներով, մենք պարզապես արհամարհվում ենք: Եվ շատ վիրավորական է նման վերաբերմունքը”, ասում է Կարինե Նաղդալյանը: Նա նշում է, թե դեռ կորոշի իր հետագա անելիքը, սակայն հաստատ է, որ ինքը շարունակելու է հետամուտ լինել խնդրին: “Կամ, ձեզ համար աբսուրդ չի թվում, որ վեց օրվա ընթացքում հրամանագիրը տրված է նախագահի կողմից 04.09.2008-ին, եվ 10.09.2008-ին ազատ է արձակվում: Այդ վեց օրվա ընթացքում համ նախագահն է ներում շնորհում, համ վարչական դատարանն է ազատ արձակում, համ անկախ հանձնաժողովն է հավանություն տալիս: Իսկ ես, ութ ամիս, ինձ օրենքով հասանելիք փաստաթղթերը չեմ կարող ստանալ: Ոնց է դա կատարվում: Վեց օրվա ընթացքում նման որոշումներ ընդունողները երեւի կարելի է նման որոշումները Գինեսի գրքի մեջ էլ մտցնել իրենց արագությամբ”, ասում է Կարինե Նաղդալյանը:

No comments: