Wednesday, February 24, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ

Մարինե Պետրոսյան, բանաստեղծ: Հայտնի է որպես հրապարակախոս, բայց այնքան էլ չի սիրում այդ բառը: Երազանքը` որ սեփական աչքերով տեսնի Հայաստանի Միացյալ Նահանգների ստեղծումը: -Մարինե, Ձեր շատ ընկերներ ամենատարբեր կերպ են վերլուծում այսօրվա իրավիճակը: Ոմանք կարծում են, որ այս վիճակի ամորֆացումը սպասելի է, կամ որ դե ֆակտո մենք դադարել ենք պետություն լինելուց: Ձեր տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է: -Ես ուրիշ ձևով կբնութագրեի ներկայիս վիճակը` մենք չենք կարողանում ունենալ էն երկիրը, էն պետությունը, որը կարող ենք ունենալ և որին արժանի ենք: Եթե շարունակենք վատնել մեր ժամանակը, չի բացառվում, որ շուտով տարածաշրջանի ներկայիս դինամիկ իրավիճակը փոխվի, ամեն ինչ նորից կարծրանա, ու մեր առջև բացված հնարավորությունների պատուհանը փակվի, փոփոխությունները դառնան անհնար: 2008-ի շարժումը հստակ ձևակերպել էր էդ պահանջը` մեզ պետք են փոփոխություններ: Ես լիովին վստահ եմ` հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը կողմ էր էդ փոփոխություններին, ուզում էր փոփոխություններ: Նաև վստահ եմ, որ փոփոխություն ցանկացողների թիվը շատ ավելին էր, քան Ազատության հրապարակում հավաքվողների թիվը. շատերը, տարբեր պատճառներով, Շարժումը բացահայտ պաշտպանել չէին կարող, բայց իրականում շատ էին ցանկանում դրա հաղթանակը: Ուզում եմ ասել` 2008-ի շարժումը բոլոր հնարավորություններն ուներ հաղթելու: Բայց չհաղթեց: -Վերջերս շատ են խոսում նոր ուժի, նոր ընդդիմության մասին: Գիտեմ նաև, որ ինքներդ էլ մասնակցում եք տարբեր քննարկումերի: Ի՞նչ եք կարծում, արդյոք կարող ենք դրանք նոր ուժի ձևավորման հիմք հանդիսանալ: -Երևի սկսեմ ամենակարևորից` ինչու սկիզբ առան նոր ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունները: Տարածաշրջանում, արդեն ասեցի, էսօր դինամիկ փոփոխություններ են կատարվում: Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ընթացող գործընթացները դրա վկայությունն են: Ու հստակ ա մի բան` ինչքան ուժեղ եղավ Հայաստանը որպես երկիր, որպես պետություն, էնքան ավելի շահող դուրս կգա էս տարածաշրջանային գործընթացներից: Իսկ եթե մնացինք էսօրվա վիճակում, այսինքն` եթե թույլ եղանք, մենք չենք կարողանա էս հնարավորությունների պատուհանից օգտվել, դեռ ավելին` չի բացառվում, որ ոտքի տակ գնանք որպես պետություն: Ուզում եմ ասել` Հայաստանի ներքին համակարգային փոփոխությունների հրատապությունը 2008-ից մինչև էսօր ոչ միայն չի նվազել, այլ հակառակը` ավելի ա սրվել: Այնինչ Հայ ազգային կոնգրեսը որդեգրեց շատ տարօրինակ ռազմավարություն` հետաձգել ավազակապետության կազմաքանդումը էնքան ժամանակով, մինչև արտաքին քաղաքական դաշտում ընթացող դինամիկ գործընթացները ինչ-որ մի ձևով հանգուցալուծվեն: Ի՞նչ ա սա նշանակում: Սա նշանակում ա երկու շատ վատ բան: Նախ` ամենահավանականն էն ա, որ տարածաշրջանային ներկա գործընթացները տարիներ, գուցե նաեւ տասնամյակներ տևեն, ուրեմն ճիշտ էդքան ժամանակով էլ կձգվի Կոնգրեսի վերցրած «ընդմիջումը», արդյունքում` հասարակական էն ակտիվությունը` էն ամենաթանկն ու միակ անժխտելին, որ ձեռք էր բերվել 2008-ի շարժման արդյունքում, կամաց-կամաց կկորի կգնա, ջուրը կլցվի: Երկրորդ` ոնց որ արդեն ասեցի, Հայաստանն էս միջազգային խաղերին կմասնակցի ամենաթույլ դիրքերից` որպես մի երկիր, որն ունի թույլ իշխանություն եւ թույլ ընդդիմություն: Ավելի ճիշտ` ընդդիմություն, որն ինքն իրան պասիվացրել ա: -ՀԱԿ-ի ղեկավարները դադարը պատճառաբանում են Հայաստանի պետական շահին չվնասելու մտահոգությամբ: -Նման պատճառաբանությունը համոզիչ չի: Երբ որ ասում են` հանրահավաքները և ակտիվ պայքարը դադարեցրինք, որ Սերժ Սարգսյանը ստիպված Ղարաբաղի հարցում չգնա մեծ զիջումների, ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև էդ պատճառաբանության մեջ տրամաբանություն չկա: Իրականում ճիշտ հակառակն ա` ընդդիմության պասիվացման դեպքում մեծ զիջումները դառնում են անխուսափելի: Եթե ընդդիմությունն առաջվա պես ակտիվ լիներ և իշխանափոխությունը` ռեալ, Հայաստանից մեծ զիջումներ չէին կարող պահանջել, որովհետև կհասկանային, որ զիջելու դեպքում Սերժը աթոռից ցած կընկնի: Հիմա, երբ որ ընդդիմությունը ինքնաչեզոքացվել ա, և Սերժի համար վտանգ չկա, զիջումների պահանջը կարող ա հասնել մաքսիմումի: Իհարկե, կա նաև Դաշնակցությունը` որպես ՀԱԿ-ի պասիվացման ֆոնին մի պահ կարծես թե աշխուժացման շանս ձեռք բերած ուժ, բայց էդ շանսը թվացյալ էր. բոլորս էլ տեսանք, որ Դաշնակցությունը փորձեց ակտիվանալ, բայց չկարողացավ: Չէր էլ կարող, որովհետև մարտի 1-ից հետո քաղաքական դաշինքի մեջ մտնելով սեփական ժողովրդի վրա կրակողների հետ` դաշնակցությունը քաղաքական ինքնասպանություն էր գործել: -Ո՞րը պետք է լինի նոր ուժի դերը հասարակության կյանքում, ի՞նչ էական տարբերություն պետք է ունենա ներկայիս ուժերից: -«Նոր ուժ» ասելու տեղը ես կգերադասեի օգտագործել ուրիշ բառակապակցություն` քաղաքական նոր ֆորմատ: Ստեղծվող քաղաքական նոր ֆորմատի խնդիրը պետք ա լինի հասարակության համար գործունեության մշտական դաշտ ստեղծելը: Ոչ թե մարդիկ ակտիվանան հանրահավաքից հանրահավաք, իսկ արանքներում լուռ սպասեն, թե ինչ կասվի հաջորդ հանրահավաքում, այլ բոլորը մշտապես ունենան խոսելու և գործելու հնարավորություն, ստեղծվի էն հորիզոնական ցանցը, որի մեջ յուրաքանչյուրի խոսքն ու գործը հասնի բոլոր մյուսներին, տեղի ունենա մտքերի ազատ փոխանակություն, և գործունեության համակարգումը տեղի ունենա էն կանոններով, որի շուրջ բոլորս պայմանավորվել ու համաձայնել ենք: Վերևում արդեն ասեցի` 2008-ի շարժման ամենաթանկ ու անժխտելի ձեռքբերումը հասարակության ակտիվացումն էր: Անելանելության զգացումը վերացավ, մարդիկ նորից սկսեցին հավատալ սեփական ուժերին, զգացին, որ շատ բան իրանցից ա կախված, որ իրանք ուրիշների գործողությունների կրավորական օբյեկտները չեն ընդամենը, այլ սեփական ճակատագիրը որոշողն են: Չի կարելի թույլ տալ, որ էս շատ թանկ ձեռքբերումը կորչի, պետք ա գտնել էն նոր ֆորմատը, որը թույլ կտար էդ ձեռքբերումը զարգացնել: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի համար մեկ խնդիրը հասարակության խաղից դուրս վիճակն ա: Ամեն ինչ տնօրինում են մի խումբ մարդիկ, որոնք հասարակության մանդատը չունեն և պարզ ցույց են տալիս, որ էդ մանդատը խնդրելու կամ որևէ ուրիշ ձեւով ձեռք բերելու ցանկություն էլ չունեն: Իսկ Հայ ազգային կոնգրեսը տեղծվելու պահին էդ մանդատն ուներ: Ընդ որում, քանի որ ՀԱԿ-ը ստեղծվեց մարտի 1-ից հետո, հասարակության կողմից Կոնգրեսին տրված մանդատի վրա, ավազակապետության կազմաքանդումից բացի, գրված էր ոչ պակաս կարևոր ևս մեկ իմպերատիվ` մարտի 1-ի մեղավորներին պատժելը: Մարդիկ հավատում էին` ՀԱԿ-ը կպայքարի և թույլ չի տա, որ մարտի 1-ին կրակելու հրաման տվողներն անպատիժ մնան, ՀԱԿ-ը կպայքարի և թույլ չի տա, որ հայաստանցու վրա կրակելը դառնա նախադեպ: Բայց էսօր` երկու տարի անց, դեռ ոչ մի մեղավոր պատասխան չի տվել: Ժամանակն ամեն ինչ լեգիտիմացնելու սարսափելի հատկություն ունի, եթե մենք անորոշ սպասում ենք, չես հասկանում` ինչի, ուրեմն մենք թույլ ենք տալիս փաստորեն, որ մարտի 1-ը կուլ գնա ու լեգիտիմացվի: -Ովքե՞ր կարող են լինել քաղաքական նոր ֆորմատի նախաձեռնողները: -Ես 2008-ի շարժմանը միացել եմ շատ հստակ կարգախոսով` «Իմ ու քո ազատության համար»: Բոլոր նրանք, ում համար էս կարգախոսը դատարկ խոսք չի, կարող են մասնակցել էն նոր ֆորմատին, որը մենք ուզում ենք ստեղծել: Ազատությունից բացի կան ևս երկու կարևոր սկզբունք` արդարությունն ու հավասարությունը: Բայց ես ազատությունը դրանց մեջ առանձնացնում եմ և դնում առաջին տեղում, որպեսզի արդարությունն ու հավասարությունը չմեկնաբանվեն էն ձևով, որ տանեն մեզ դեմ տան պատի, ոնց որ անցած դարասկզբի ռուսական հեղափոխության արդյունքում եղավ: Իմ ասածից բոլորովին չի բխում, թե մեր ֆորմատում կարող են լինել միայն ազատականներ` լիբերալներ, իսկ ասենք սոցիալիստները դուրս կմնան: Ես ինքս ազատական եմ, իսկ մեր ֆորմատի նախաձեռնողներից և քննարկումների ամենաակտիվ մասնակիցներից շատերը սոցիալիստ են: Բայց նրանք սոցիալիզմը մեկնաբանում են ազատության դիրքերից` որպես մարդու ազատ և արժանապատիվ կյանքի համար լավագույն պայմաններ ստեղծող հասարակարգ: Ի վերջո, հյուսիսկորեական սոցիալիզմի և, ասենք, շվեդական սոցիալիզմի միջև տարբերությունը կարծում եմ ավելի մեծ ա, քան շվեդական սոցիալիզմի և ամերիկյան կապիտալիզմի մեջեւ եղած տարբերությունը: Էս վերջին երկուսը մարդու ինքնադրսևորման, ինքնաիրացման լայն հնարավորություններ են տալիս, իսկ ազատություն ասելով ես հենց դա եմ հասկանում` ինքն իրան դրսևորելու, լիարժեք կյանքով ապրելու` մարդուն տրված հնարավորությունը: Էս իմաստով ես լրիվ համաձայն եմ Աղասի Թադեւոսյանի հետ` մեր ժամանակներում պետության գլխավոր ֆունկցիան մարդու ինքնաիրացման հնարավորությունների ապահովումը պետք ա լինի: Համաձայն եմ նաև, որ եթե մենք ունենանք նման պետություն, կարող ենք դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի ամենահզոր ու զարգացած երկրներից մեկը: Եթե ավելի կարճ ասեմ` մենք կարող ենք դառնալ Հայաստանի Միացյալ Նահանգներ: -Կարծում եմ` շատերը ասվածը կհասկանան որպես կատակ: -Չէ, ես կատակ չեմ անում: Երբ որ ես Հայաստանը համեմատում եմ Միացյալ Նահանգների հետ, ինձ շատերը առարկում են, թե` մենք էդքան հզոր երկրի հետ համեմատվել չենք կարող: Բայց առարկողները միշտ մոռանում են, որ հզոր Ամերիկան ընդամենը երկուսուկես դար առաջ ընդհանրապես չկար, գոյություն չուներ: Սկսեց զրոյից ու դարձավ էսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ամերիկյան երազանքը հենց էդ ա ասում, ասում ա` դու կարող ես սկսել զրոյից և դառնալ ամեն ինչ: Ամերիկյան երազանքը սա պնդում ա առանձին մարդու հետ կապված, ասում ա` Կիրակոս կամ Մարտիրոս, դու կարող ես սկսել զրոյից և դառնալ Ռոքֆելեր կամ Օբամա: Մարդկանց իսկապես տալով էդ երազանքը իրագործելու հնարավորություն, ամերիկյան պետությունն արդյունքում հենց ինքը նաև սկսեց զրոյից ու դարձավ աշխարհում ամենահզոր պետությունը: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք գտնել էս հաղթանակած մոդելի հայաստանյան տարբերակը: Անպայման կարող ենք, որովհետև ամեն հայի մեջ, հաստատ գիտեմ, նստած ա մեծ հաջողության հասնելու ցանկությունը: Մնում ա գտնենք էն մոդելը, որը թույլ կտար Հայաստան երկրի հաջողությունը ստանալ որպես հայաստանցիների հաջողությունների գումար: Էսօրվա վիճակով մի քանի հոգի Հայաստանում ունեն հաջողության մոնոպոլիա` թե քաղաքականության մեջ, թե' բիզնեսում, թե մնացած բոլոր որոշիչ բնագավառներում: Հենց էս մոնոպոլիան ա պետք ջարդել: Որովհետև էդ փոքր խմբի ունեցած մոնոպոլիան հարվածում ա մնացած բոլորի հաջողության ու երջանկության իրավունքին: 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում հավաքվող հարյուր հազարավոր մարդիկ հենց էդ իրավունքն էին պաշտպանում` երջանիկ լինելու, հաջողության հասնելու իրանց իրավունքը: Իսկ որպես պատասխան ստացան կրակոցներ: Բայց կրակոցները թուլության վկայություն են, ոչ թե ուժի: Եթե կրակում ես, ուրեմն գիտես, որ համոզելու ոչ մի տարբերակ չունես: Բոլորս էլ գիտենք, որ հայաստանցիների մեծամասնությունը կրակողների կողմից չէր, ուղղակի կրակողների ձեռքին բանակն ու ոստիկանությունն էին, որոնք հայաստանցիների վրա կրակելու հրամանին դեմ գնալու քաջությունը չունեցան: Էսքան խոսելով` կարծես թե եկա հասա ամենակարևոր կետին: Եթե փոքրամասնությունն ունի իշխանության և հարստության մոնոպոլիա, և էդ մոնոպոլիան պաշտպանելու համար օգտագործում ա ուժային կառույցները, իսկ մեծամասնությունն էդ մոնոպոլիան վերացնելու խնդիր ունի, այսինքն թե` ուզում ա բոլոր հայաստանցները ունենան հաջողության հասնելու հավասար ստարտային պայմաններ, ո՞նց պետք ա մեծամասնությունը հասնի իրա ուզածին: Էս ա հարցերի հարցը, որի պատասխանը մեկ բառով ես հիմա չեմ տա, բայց կասեմ ամենակարևորը: Ինչ ճանապարհ էլ որ ընտրվի` պետք ա ընտրվի քննարկումների արդյունքում` բոլոր հնարավոր տարբերակները ծանրութեթև անելուց հետո: Քաղաքական նոր ֆորմատը հենց սրա համար ա պետք` որ քննարկումները իսկապես ընթանան և դրանց մասնակցել կարողանան բոլոր ցանկացողները: Հետո արդեն քննարկումների արդյունքները կամփոփվեն որպես քննարկումներին մասնակցողների միջև համաձայնագիր կամ նույն նպատակին ձգտողների միջև փոխադարձ պայմանագիր: Դրանում կնշվի, թե որն ա մեր նպատակը, որոնք են մեր մաքսիմում ու մինիմում ծրագրերը, դրանց իրականացմանը հասնելու համար մենք ինչ սկզբունքների վրա ենք հենվում, ինչ մեթոդներ ենք օգտագործում և որ մեթոդներն ենք բացառում (եթե բացառում ենք): ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 23-2-2010

No comments: