Monday, May 18, 2009

ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊԸ, ԻՆԳԱՆ ՈՒ ԱՆՈՒՇԸ, ԽՈՐԵՆՆ ՈՒ ԴԻԱՆԱՆ, ՋՈՒԹԱԿՆ ՈՒ ՌԻԲԱԿԸ

Lragir 18-5-2009- Եվրատեսիլ 2009-ը Հայաստանի համար ավարտվեց աննախադեպ վատ արդյունքով, եւ մեր մասնակցության չորրորդ տարում գրանցվեց ամենից վատ արդյունքը` 10-րդ տեղ: Բայց խնդիրը թերեւս ոչ այնքան տեղն է, որքան այն, որ այս անգամ կարծես թե Հայաստանի օգտին քվեարկող սփյուռքը իր բարձրության վրա չգտնվեց եւ չգնահատեց “Ջան-ջան” երգը ինչպես որ պետք էր: Հայաստանն այս անգամ առավելագույն միավոր ստացավ ընդամենը մի երկրից, եւ տպավորությունն այնպիսին էր, որ աշխարհասփյուռ հայությունը Եվրատեսիլը նայելու համար հավաքվել էր Պրահայում, ու դրա համար էլ միայն Չեխիայից ստացվեց առավելագույն 12 միավոր: Նույնիսկ Թուրքիան, որ մեզ ավանդաբար տալիս էր 12 կամ 10, այս անգամ քվեարկեց զգալիորեն քիչ: Թերեւս ինչքան մեր հարաբերությունը լավանում է, այնքան մենք անհետաքրքիր ենք դառնում մեր հարեւանի համար: Ինգա եւ Անուշ Արշակյանները կարծես թե վատ չկատարեցին երգը: 10-րդ տեղն էլ երեւի թե պետք չէ որեւէ բանի չափանիշ համարել նրանց կատարողականի տեսանկյունից: Այնպես որ, քույրերին պետք չէ ընկճվել եւ մտածել, որ չկարողացան շարունակել Հայաստանի “հաղթական” ավանդույթներն ու էլ ավելի բարելավել եվրատեսիլական մեր ցուցանիշները: Սակայն ամեն ինչ, այսինքն քույրերի հոգեվիճակն ու հետեւությունը կախված է նրանից, թե իրենք ինչպես էին ընկալում Եվրատեսիլին իրենց մասնակցությունը: Եթե իրենք էլ, ինչպես իրենց քարոզչությունն իրականացնողները, այդ մասնակցությունն ընկալում էին Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտի “երկրորդ փուլի” համատեքստում, ապա բնականաբար ձախողումն ակնառու է: Սակայն եթե գոնե իրենք համարում էին, որ խոսքը ընդամենը մի երգի մրցույթի մասին է, որտեղ անհայտ է, թե որ տարում հանդիսատեսի ճաշակի եւ տրամադրության ինչ գերակայություն կլինի, ապա ամեն ինչ նորմալ է, եւ քույրերը կշարունակեն իրենց ստեղծագործական կյանքն առանց “հոգեբանական էքսցեսների եւ ինքնախարազանման”: Ինքնախարազանման կենթարկվեն թերեւս ադրբեջանցիները: Ինչպես հայտնի է, նրանք բողոքել են, որ մրցույթի կազմակերպիչները Ղարաբաղի սիմվոլ “տատն ու պապը” չներառեն այն սիմվոլիկ կոլաժի մեջ, որով ի թիվս այլ մասնակիցների պետք է հեռարձակման ընթացքում ներկայացվեին նաեւ Ինգան ու Անուշը: Բանն այն է, որ չնայած կազմակերպիչները “տուրք” տվեցին ադրբեջանցիների բողոքին եւ հանեցին տատն ու պապը, այդուհանդերձ հայերը գտան ձեւն ու արդյունքները ներկայացնելիս Սիրուշոն բավական ցուցադրաբար պահել էր թղթապանակը, որի վրա հենց “տատի ու պապի” պատկերն էր: Դե թող տեսնեն ու “ինքնախարազանվեն” ադրբեջանցիները: Այլ կերպ ասած, մենք նրանց երրորդ տեղը ուղղակի նրանց քթից բերեցինք: Բայց կարելի էր էլ ավելի հզոր քայլ անել եւ արդյունքները Հայաստանից ներկայացներ ոչ թե Սիրուշոն, այլ հենց “տատի ու պապի” տեսքով հագնված մի զույգ, ընդ որում ղարաբաղյան ակցենտով անգլերենով: Դրանից հետո թերեւս Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարելի կլիներ համարել փակված: Այդպես նույնիսկ պատմության ընթացքը փոխված կլիներ, ինչն այդքան ցանկանում էր հաղորդավարուհին, որ Խորեն Լեւոնյանի հետ միասին վարում էին Եվրատեսիլը Հանրայինի եթերում: Ելույթներից հետո նա Սփյուռքին կոչ արեց ակտիվ քվեարկել եւ փոխել պատմության ընթացքը: Եվ այնքան անկեղծություն կար նրա այդ կոչի մեջ, որ հաջորդ օրը տեսագրությունը դիտելով, ես մտածում էի, որ Սփյուռքը գոնե այս անգամ կանսա մեր հաղորդավարուհու կոչին եւ ի տարբերություն ուղիղ եթերի, տեսագրության ժամանակ մի հրաշք կկատարվի, եւ քվեարկության արդյունքը մեզ համար առավել լավ կլինի: Հրաշքի կարող էր նմանվել եւ այն, որ գոնե տեսագրության ժամանակ հաղորդավարուհին, եւ հատկապես նրա գործընկեր Խորեն Լեւոնյանը մի քիչ ավելի զվարթ վարեին Եվրատեսիլը, որ նրանց ձայնի մեջ մի քիչ ավելի կյանք լիներ, որը գոնե մի քիչ համապատասխաներ պատկերի այն շքեղությանը, որ իրենց հատուկ ստեղծագործականությամբ մեզ էին մատուցում ռուսները աննախադեպ բեմական ձեւավորման, հեռուստատեսային ռեժիսուրայի վառ դրսեւորումներով: Բայց եւ ուղիղ եթերում, եւ տեսագրության ժամանակ, Խորենն ու Դիանան վարում էին այնպես, կարծես առարկան ոչ թե Եվրատեսիլ երգի մրցույթն էր, այլ Շեքսպիրի դրամաներից մեկը: Իհարկե, Եվրատեսիլը զերծ չմնաց դրամայից: Դրաման նույնիսկ հաղթեց Եվրատեսիլում: Իր կյանքի եւ ապրումների մասին գրած երգով առաջին տեղը գրավեց ծնունդով բելառուս նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը: Նա ջութակի միջոցով ներկայացնելով իր կյանքի պատմությունը, կարողացավ հուզել ու գրավել հանդիսատեսին եւ ժյուրիին, ու նրանց կարծիքների համադրության արդյունքը Ռիբակի համար դարձավ հաղթական: Երկրորդ տարին անընդմեջ, Եվրատեսիլի հաղթական համարում նշանակալի տեղ ունի ջութակը: Երեւի թե հաջորդ տարի Հայաստանը ներկայացնելուն պատրաստվելիս հարկ է մտածել ջութակի մասին, թեեւ դժվար է իհարկե ջութակը տեղավորել ազգային-ազատագրականության շրջանակներում, ինչով մենք գնում ենք Եվրատեսիլներին ընդառաջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: