Friday, May 1, 2009

Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը կարող է Պանդորայի արկղ դառնալ Թուրքիայի համար

Tert.am. 30-4-2009- Հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացքում բազմաթիվ հարցերի թվում է նաև Մեծ Եղեռնի ուսումնասիրության գծով պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով` նման հանձնաժողովի ստեղծումը լավ ծրագրված քարոզ է, որն ի սկզբանե նախատեսում էր հայկական կողմի բացասական արձագանքը: «Սա չի ենթադրում, որ ես կողմ եմ այդ գաղափարին, չնայած փորձարկելու համար թուրք լրագրողների և մեկանաբանների հետ հանդիպման ժամանակ ես փորձում եմ ասել` այո, ես համաձայն եմ: Ես սիրում եմ խուճապ»,- ասել է Դեմոյանը: Սրա հետ մեկտեղ նա միանշանակ բացառել է Մեծ Եղեռնի հարցի քննարկումը պատմաբանների հանձնաժողովի շրջանակներում` դրա ստեղծման դեպքում: Դեմոյանը նշել է, որ պատմաբանների հանձնաժողովի գաղափարը լրջորեն վտանգում է Թուրքիայի ազգային անվտանգությունը: «Եթե ստեղծվի նմանատիպ հանձնաժողով, դա կդառնա իսկական Պանդորայի արկղ Թուրքիայի համար՝ մի երկրի, որտեղ կոծկվել են, թաքցվել դրվագներ սեփական պատմական զարգացումների վերաբերյալ»,- նշել է նա: Այսպիսով, պատմաբանի կարծիքով, թուրքական լայն լսարանի համար կբացահայտվեն բազմաթիվ անցանկալի մանրամասներ և դրվագներ ինչպես Օսմանական Թուրքիայի, այնպես էլ ժամանակակից Թուրքիայի առաջին տասնամյակի ժամանակաշրջանից:

No comments: