Sunday, May 17, 2009

ԻՆՉՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԽՈՍԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

«Լրագիր» 16-5-2009- Նաիրիտում տեղի ունեցած աղետի հաջորդ օրը գործարան էր այցելել Սերժ Սարգսյանը: Նա շրջեց գործարանում, դիտեց պայթյունի եւ հրդեհի տարածքը, իսկ հետո կարճ հարցազրույց տվեց լրագրողների համար: Հատկանշական է, որ այդ հարցազրույցում նա գերադասեց ավելի շատ խոսել հարակից, քան բուն թեմայի մասին: Օրինակ, նա ասաց, որ աղետը իսկական փորձություն էր համապատասխան կառույցների, այսինքն արտակարգ իրավիճակներում գործելու կոչված կառույցների համար, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, պատվով կատարեցին իրենց խնդիրը: Այս դիտարկումն իհարկե մեղմ ասած վիճելի է: Այն, որ հրշեջներն ու փրկարարները անմիջապես ժամանել են դեպքի վայր ու նույնիսկ կյանքը վտանգելով մարել են հրդեհը, դա իհարկե գնահատելի է: Բայց արդյոք դրանով է սահմանափակվում “համապատասխան” կառույցների աշխատանքը: Իսկ ով պետք է զբաղվեր բնակչությանն անմիջապես տեղեկացնելու խնդրով: Չէ որ հնարավոր էր, որ պայթյունն ու հրդեհը էկոլոգիական աղետի պատճառ էլ դառնային, լիներ թունավոր արտանետում, որը կարող էր սպառնալ շրջակա բնակավայրերի բնակիչների առողջությանը: Ով պետք է հանրությանն անմիջապես տեղյակ պահեր կանխարգելիչ միջոցառումների մասին, որպեսզի գոնե տնային պայմաններում բնակչությունը կարողանար պաշտպանվել հնարավոր թունավորումից: Թե՞ վաղօրոք հայտնի էր, որ այդ պայթյունից թունավորման կամ էկոլոգիական աղետի վտանգ չկա:Այնպես որ, մեղմ ասած վիճելի է Սերժ Սարգսյանի այն կարծիքը, թե համապատասխան կառույցները պատվով են դուրս եկել փորձությունից: Մնում էր, որ այդ կառույցները գոնե հրդեհ հանգցնելն էլ չկարողանային: Հասկանալի է, որ բնակչությանը պետք չէր խուճապի մատնել, բայց դա չի նշանակում, որ պետք չէր բնակչությանը կանխարգելիչ, պրոֆիլակտիկ միջոցառումներ հուշել: Բայց դե իհարկե, եթե Սերժ Սարգսյանը գնացել է Նաիրիտ, ապա ինչ որ բան պետք է ասեր: Բայց նա միայն այդ բանը չասաց: Սերժ Սարգսյանն ասաց նաեւ, թե ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի աղետի պատճառը, որպեսզի հետագայում կանխվեն այդպիսի դեպքերի կրկնությունները: Ուշադրություն դարձրեք, որ Սերժ Սարգսյանը չգիտես միտումնավոր, թե մոռացության պատճառով, չի խոսում պատասխանատվության մասին: Այսինքն նա չի ասում, որ պատճառը պետք է պարզել, որ մեղավորները եւ պատասխանատուները պատասխան տան կատարվածի համար: Իհարկե, պատճառը պետք է պարզել, որ քայլեր կատարվեն կրկնություն թույլ չտալու համար, բայց դրանից առաջ նախ պետք է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնց անփութության, անուշադրության կամ անտարբերության հետեւանքով տեղի է ունեցել վթարը: Բանն այն է, որ գուցե այդ սխալը, անփութությունն ու անտարբերությունը ժամանակի ընթացքում են հասցրել այդ վթարին, այսինքն գործարանի մաշվածությունը, դրա հանդեպ բավարար ուշադրության բացակայությունը հանգեցրել են վթարային ելքի հավանականության մեծացմանը:Անշուշտ, դեռ պետք է պարզել, թե արդյոք կատարվածի մեջ ինչ աստիճանի է մարդկային գործոնի դերը, ինչ գործոնի մասին է խոսքը, կառավարման սխալի հետեւանք է աղետը, թե զուտ մասնագիտական, տվյալ պահին կատարված սխալի: Սակայն խոսել հետագայում կանխարգելումների մասին, եւ չխոսել պատասխանատվության մասին, դա մի փոքր անհասկանալի դիրքորոշում է: Նույնիսկ կարելի է համարել, որ այդ դիրքորոշման մեջ կա ուղղորդիչ մի բան, որ կարող է ի գիտություն ընդունել կատարվածի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովը եւ կազմել այնպիսի եզրակացություն, որտեղ մարդկային գործոնի, հետեւաբար մարդկային պատասխանատվության խնդիր չառաջանա: Թեեւ, մյուս կողմից, հնարավոր է նույնիսկ առավել վատ մի զարգացում, ինչը կլինի աղետի շարունակությունը, բայց արդեն կարտահայտվի բարոյական աղետի տեսքով: Իհարկե, դա միայն ենթադրության մակարդակի է, սակայն այդպիսի դեպքերում շատ հավանական է, որ կատարվածի պատասխանատվությունը բարդվում է զոհվածներից որեւէ մեկի վրա, վերագրվում նրա կատարած սխալին կամ անթութությանն ու հարցն այդպիսով փակվում է: Հիշում եք արդյոք Ա-320 օդանավի աղետը Սոչիում, երբ մահացան թե օդաչուները, թե բոլոր ուղեւորները: Պատճառն ուսումնասիրեց ԱՊՀ Միջպետական ավիացիոն Կոմիտեն, ու եզրակացրեց, որ օդանավն աղետի է ենթարկվել օդաչուի սխալի հետեւանքով: Եվ պատկերացնում եք, ոչ ոք չընդդիմացավ այդ եզրակացությանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: