Saturday, May 2, 2009

Ադրբեջանը և Թուրքիան նույնը չեն, ռուս քաղաքագետ

Tert.am- 1-5-2009- «Ես ուղղակիորեն չէի կապի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Այստեղ հիմնական դերակատարներ են Հայաստանը և Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը չի ընդհանրացվում Թուրքիայի հետ»,- Day.Az-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Տանաևը: Նրա խոսքերով` Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններն անուղղակիորեն կապված են ղարաբաղյան հակամարտության հետ. «Ինչպես Հայաստանում է հարց բարձրանում, թե որքանով է «ճանապարհային քարտեզ» ծրագիրը համապատասխանում Հայաստանի շահերին և կկարողանա արդյոք Թուրքիան ճանաչել Մեծ Եղեռնի փաստը, այնպես էլ Ադրբեջանում է հարց բարձրանում այն մասին, որ «ճանապարհային քարտեզի» քննարկումներն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշեցման կարող են հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման»: Տանաևի կարծիքով` Հայաստանի համար կարևոր է հարաբերությունները հարթել Թուրքիայի հետ, քանի որ դա կնպաստի առևտրային գոտու ընդլայնմանը: «Ես չեմ հավատում այս երկու երկրների հարաբերություների վաղ կարգավորմանը: Սա հին և ծանր ողբերգական պատմություն է, որը տասնամյակներ շարունակ կենդանի է սերունդների հիշողության մեջ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ լարվածությունն այս կամ այն ձևով կշարունակի գոյություն ունենալ: Բաց սահմաններ ունենալը միշտ էլ շատ կարևոր է: Կարծում եմ` Հայաստանն այսպես, թե այնպես շահագրգռված է դրանում»,- հավելել է ռուս քաղաքագետը:

No comments: