Saturday, May 2, 2009

«Ակնհայտ է` Կիվիրյանին ուզում էին սպանել»

"Ա1+"-1-5-2009- Այս պահին ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր եւ նա գտնվում է նյարդավիրաբուժական բաժանմունքում: Արգիշտիի կինը` հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը, "Ա1+"-ին հայտնեց, որ ծեծի ենթարկվածի գլխացավերն ուժեղացել են, ինչը, բժիշկների գնահատմամբ, նման վնասվածքների դեպքում նորմալ երեւույթ է: Լուսինե Սահակյանը նաեւ հայտնեց, որ հարուցված գործով զբաղվում են քննիչները, որոնք արդեն այցելել են Արգիշտի Կիվիրյանին: Պաշտոնատար անձանց կամ կառույցների կողմից այցելություն չի եղել եւ ոչ ոք չի հետաքրքրվել հիվանդի առողջական վիճակով: «Մենք ինքներս հրապարակված հայտարարություններից ենք ծանոթանում տարբեր մարմինների կարծիքներին` գործի առնչությամբ»,-ասաց նա` մեկ անգամ եւս նշելով, որ միջադեպը կապված է մասնագիտական գործունեության հետ, սակայն «ի՞ր, թե՞ ամուսնու» մեր ճշտմանը նա խոստացավ առաջիկայում մեծ հրապարակմամբ բացահայտել: Լուսինե Սահակյանը նաեւ նշեց, որ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով գործի հարուցումը իրենց հակասական ենթադրությունների տեղիք է տալիս: «Մեզ այս փաստը շատ զայրացնում է եւ ստիպում է մտածել, որ քննությունը ի սկզբանե ոչ ճիշտ ուղով է ընթանում: Ակնհայտ է, որ Կիվիրյանին ուզում էին սպանել եւ գործը պետք է հարուցվեր սպանության փորձի հատկանիշներով, ոչ թե 117-րդ հոդվածով»,-ասաց նա:

No comments: