Saturday, May 16, 2009

ԹՈՒՐՔ ԱՅԼԱՏՅԱՑ ՀՅՈՒՊԱՏՈՍՆ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

«ԱԶԳ», 16-05-2009- Թեպետ գլխավոր հյուպատոսը հրաժարվում էր իրեն վերագրվող մեղադրանքներից, այդուհանդերձ Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրն արդեն հետ է կանչել Դյուսսելդորֆում պաշտոնավարող իր գլխավոր հյուպատոս Հաքան Կիվանչին, տեղեկացնում է գերմանական «Շպիգել օնլայնը»ՙ մայիսի 13-ի հրապարակման մեջՙ վկայաբերելով Բունդեսթագում կառավարության ներկայացրած պատասխանը: Ինչպես արդեն իրազեկել ենք մայիսի 1-ի մերՙ «Թուրք դիվանագետին վտարել ԳԴՀ-ից», այնուհետեւ մայիսի 9-ի «Թուրքիայի հյուպատոսինՙ request for recall» վերնագրյալ հրապարակումների մեջ, «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբը Գերմանիայի արտգործնախարարությունից պահանջել էր երկրից արտաքսել Դյուսսելդորֆում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Կիվանչինՙ փետրվարի 22-ին Գերմանիայի հասցեին ռասիստական արտահայտությունների համար: Թուրք դիվանագետն ասել էր, թե գերմանացին Թուրքիայից եկածներին չի տարբերակում, նրա համար նույնն է, թե որ փոքրամասնությանն են պատկանում, երբ հարմար նկատենՙ Թուրքիայից եկողների մաշկին Թ տառը կդաջեն, ինչպես ժամանակին նացիները հրեաներին են արել: Եթե գերմանացիների երակները կտրես, շագանակագույն արյուն դուրս կցայտի: Մոր Գաբրիելի հարցում էլ գերմանացիներն անկեղծ չեն. իրենց նպատակների համար միջոց է սա, ասել էր հյուպատոսըՙ զգուշացնելով իր զրուցակից փոքրամասնության ներկայացուցիչներին Գերմանիայի քաղաքականության համար գործիք չդառնալ: Թուրք դիվանագետը Թուրքիայում ծնվածներին խորհուրդ էր տվել հիշել, որ միայն Թուրքիան է նրանց անշահախնդիր պաշտպանը լինելու: ԳԴՀ արտգործնախարարության հարցմանն ի պատասխան հյուպատոսը ապրիլի 28-ին ժխտել էր իրեն հասցեագրված մեղադրանքներըՙ դրանք ոչ միայն անհիմն որակելով, այլեւՙ դավադիր: Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական-Քրիստոնեա-սոցիալիստական միության ներքաղաքական խոսնակ Հանս-Պետեր Ուհլը եւ նույն խմբակցության ծայրահեղականության հարցերով զեկուցող Քրիստինա Քյոհլերը ԳԴՀ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Կիվանչի հետագա պաշտոնավարումը անհանդուրժելի համարելովՙ Գերմանիայի արտգործնախարարությունից պահանջել էին Թուրքիային ներկայացնել դիվանագիտական request for recallՙ հյուպատոսի հետկանչը: «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խմբի, գերմանացի լրագրողների աշխատանքն ապարդյուն չանցավ. այլատյաց գլխավոր հյուպատոսն ազատվեց աշխատանքից: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: