Saturday, May 16, 2009

Ղարաբաղի շուրջ խաղաղ համաձայնագրի կատարումը հնարավոր է միայն պատերազմի սպառնալիքի վերացումից հետո

/PanARMENIAN.Net/ 15.05.2009 - Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են կարգավորման սկզբունքները, որ նույնիսկ խաղաղ պայմանագիր են կնքել: Հարցը նրանում է, թե ինչպե՞ս է այն կատարվելու եւ կատարվելո՞ւ է արդյոք»,-ասել է Վ.Կազիմիրովը: Ըստ ռուս դիվանագետի, 1995թ. փետրվարի 4-ին կողմերը հրադադարի մասին պայմանագիր կնքեցին: «Համաձայնագրի նպատակն էր տեղայնացնել հակամարտությունը: Այն չի կատարվում, քանի որ ունի դրույթներ, որոնք ոչ բոլորին են դուր գալիս: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Բացի այդ, նախատեսվում էր ուղղակի շփումների հաստատում հակամարտող կողմերի միջեւ երեք մակարդակով` քաղաքական ղեկավարության, ռազմական եւ տեղի դաշտային հրամանատարների միջեւ»,-ասել է Կազիմիրովը: Նա հիշեցրել է, որ 2005թ. Երեւանում խորհրդարանական լսումների ժամանակ այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է վերադառնալ այդ համաձայնագրի կատարմանը, եթե նույն կերպ վարվի ադրբեջանական կողմը: «Նույն դիրքորոշումն ուներ նաեւ Ստեփանակերտը: Սակայն ադրբեջանական կողմից արձագանք չեղավ, եւ հայտարարություններ այդ հարցի վերաբերյալ չեղան»,-նշել է ռուս դիվանագետը: Վ.Կազիմիրովն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը հակամարտության առաջնային գծից նշանառուներին ետ քաշելու վերաբերյալ: «Բաքուն մշտապես հայտարարում է, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Եթե դա նրանց մտահոգում է, ապա նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն զոհերի թիվը նվազեցնելու համար: Գոնե մեկ առաջարկ այդ մասին Բաքվից ստացվե՞լ է»,-ասել է նախկին համանախագահը: Ըստ նրա, քանի դեռ չի վերացվել հակամարտության գոտու ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը, դժվար է պատկերացնել որեւէ խաղաղ համաձայնագրի կնքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

No comments: