Wednesday, June 3, 2009

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մայիսի 31-ին լրագրողների դեմ բռնության 5 դեպք է արձանագրել

«ՀԵՏՔ» 2-6-2009- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մայիսի 31-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5 դեպք է արձանագրել: Մի շարք դեպքերում էլ փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը, սակայն ԶԼՄ-ները կարողացել է հաղթահարել խոչընդոտը և շարունակել աշխատանքը: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:Կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է հետևյալ դեպքերի մասին: 8/01 ընտրատեղամասում բռնություն է իրականացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ: Լրագրողը նկատել է, որ երիտասարդների մի խումբ ցանկանում է լցոնում կատարել, և սկսել է նկարել: Երիտասարդները մոտեցել են Արթուր Հովակիմյանին, վզից պոկել լրագրողի վկայականը, սպառնացել խլել ֆոտոխցիկը` խոստանալով այն վերադարձնել նկարվածը ջնջելուց հետո: «Մալաթիայի 8/05 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի, «Թրասփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանի և «Թերթ.am» կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանի նկատմամբ: Ըստ Արմինե Ավետյանի` «տեղամաս մտան մոտ 20 սափրագլուխ և հաստավիզ տղաներ ու 6 հոգով սկսեցին ոլորել իմ և «Թրանսփարնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն» ՀԿ-ի անդամ Սոնա Այվազյանի ձեռքերը: Ու հետ հրելով` տարան դեպի պատուհանները: 5-6 հոգով էլ շրջապատեցին քվեատուփը, մյուս 5-6 հոգին` սեղանները, իսկ կարմիր մարզազգեստով մի տղա և մեկ ուրիշը տրցակներով լցրին»»,- ասվում է կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Բռնության մյուս դեպքը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում: 13/09 ընտրատեղամասի դիմաց մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Տեղամասային հանձնաժողովի նախագահը նախ թույլատրել են նկարահանում անել տեղամասի ներսում, սակայն օպերատորին արգելել է նկարահանել ընտրացուցակը և դուրս է հրավիրել վերջինիս: Իսկ դրսում հավաքված երիտասարդները սպառնացել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներին: «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը տեսել է, թե ինչպես է Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/25 ընտարտեղամասում Նորագյուղցի Բոկո մականունով մի երիտասարդ սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին: Լրագրողը, ֆոտոխցիկը ձեռքին, մտել է տեղամաս և փորձել նկարել: Ըստ մամուլի հաղորդագրության` այդ ժամանակ Նորագյուղցի Բոկոն թողել է վստահված անձին, բռնել լրագրողի հագուստից, քաշքշել նրան, խլել ֆոտոխցիկն ու փախել անհայտ ուղղությամբ: Երբ լրագրողը հայտարարել է, որ խոչընդոտել են իր աշխատանքին, ընտրամասում եղած մի խումբ տղաները վազել են Բոկոյի ուղղությամբ: Տղաները քիչ անց բերել են ֆոտոխցիկը, սակայն առանց հիշողության չիպի: Մայիսի 31-ին լրագրողների նկատմամբ արձանագրված 5-րդ բռնության դեպքը տեղի է ունեցել 9/01 ընտրատեղամասում: «ԱԺ պատգամավար Լևոն Սարգսյանի թիկնապահները բռնություն են գործադրել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Տաթև Մեսրոպյանի և Մարինե Խառատյանի նկատմամբ` Գոհար Վեզիրյանին հարվածելով նույնիսկ ոտքերով: …Ավելի ուշ Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10.30-ի սահմաններում թիվ 9/01 ընտրատեղամասում պատգամավոր Լ. Սարգսյանի քվեարկության ժամանակ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հարձակվել է իրենց վրա և իրենց հասցեին խուլիգանական հայհոյանքներ տվել` խախտելով հասարակական կարգը: Ըստ Գոհար Վեզիրյանի` ինքը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել ոստիկանների հարցերին, քանի որ այդ պահին իր դատապաշտպան Հովիկ Արսենյանն իրեն խորհուրդ է տվել զործ մնալ մեկնաբանություններից»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: «Հաճախ մեր ընդդիմախոսներն ասում են, որ նաև լրագրողների պահվածքը չի համապատասխանում էթիկայի նորմերին, առհասարակ դաստիարակված մարդու վարվելակերպին: Մենք ասում ենք, որ «այո, լինում են դեպքեր, երբ նաև լրագրողն ինքը դուրս է գալիս այդ սահմաններից», և միշտ չէ, որ մենք ասում ենք. «լրագրողը ճիշտ է»: Բայց այդ դեպքերը, մեր գնահատմամբ, ավելի շատ բացառություն են, քան նորմեր: Մենք նաև մեր գործընկերի հետ ենք աշխատանք տանում, հանդիպումներ կազմակերպում, որտեղ հորդորում ենք ուղղակի չիջնել այդ սափրագլուխների մակարդակին, բարձր պահել լրագրողի պատիվը և աշխատել լրագրողական նորմերին համապատասխան»,- ասուլիսի ժամանակ ասաց Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա` Գոհար Վեզիրյանի հետ կատարվածը այն դեպքերից է, երբ կոնֆլիտը միանշանակ չէ: Աշոտ Մելիքյանն ասաց, որ եթե բռնության ենթարկված լրագրողից որևէ մեկը որոշի դիմել դատարան, ապա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կսատարի նրան` տրամադրելով իրավաբան և հետևելով գործընթացին: Ասուլիսի մյուս բանախոսը`նույն կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, նշեց, որ վերոնշյալ բոլոր դեպքերը ներառվելու են իրենց 2009 թ. տարեկան հաշվետվության մեջ: «Ինձ համար ցավալի երևույթն այն էր, որ ընտրությունների ընթացքում ինչքան կարողացել եմ հետևել հայկական հեռուստաընկերությունների գուցե մի մասի լուսաբանումներին, համենայնդեպս ես չեմ տեսել, որ մի հեռուստաընկերություն լուսաբաներ այն միջադեպերը, որոնք կապված են եղել իրենց գործընկերների աշխատանքի խոչընդոտումների հետ: Դրա փոխարեն եղել են դրական լուսաբանումներ, թե ինչքան փայլուն ընտրություններ են անցկացվում Հայաստանում, ինչքան լավ ենք մենք կազմակերպել և այլն: Ինձ համար` իբրև հեռուստադիտողի և մամուլի փորձագետի, ցավալի է, երբ տեսնում եմ, որ մեր հեռուստաընկերությունները, այդ թվում նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը պահվում է մեր միջոցների հաշվին, չի տալիս օբյեկտիվ լրատվություն»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը: Սոնա Ավագյան

No comments: