Saturday, June 13, 2009

Չորս տարում 545 միլիոն դոլար կստանանք

Tert.am. 12-6-2009- Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հունիսի 10-ին հաստատել է «Հայաստանի հետ գործընկերության ռազմավարությունը»։ Այդ փասթաթղթով 2009-2012 թթ. Հայաստանը ՀԲ խմբի մեջ մտնող կազմակերպություններից կստանա $545 մլն վարկային ռեսուրս։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը որոշ մանրամասներ հաղորդեց ՀԲ վարկերի վերաբերյալ։ $545 մլն-ից $150 մլն-ը կտրամադրի ՀԲ խմբի մեջ մտնող Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ), $395 մլն-ը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ)։ Այս երկուսի հիմնական տարբերությունն այն է, որ ՄԶԳ-ի վարկերն արտոնյալ են, իսկ ՎԶՄԲ-ինը` ոչ արտոնյալ։ Ըստ Վարուդակիսի` այդ ոչ արտոնյալ վարկերը կունենան LIBOR+0.7 կամ +0.75 տոկոսադրույքը։ Վարուդակիսն այս տոկոսադրույքն անվանեց «շատ գրավիչ և մրցունակ»։ Հիշեցնենք, որ ռուսական վարկը Հայաստանը ստացավ LIBOR+3 տոկոսադրույքով։ Սակայն նշենք, որ ՀԲ վարկերի ստացման դեպքում Հայաստանը ստանձնում է պարտավորութունների ավելի լայն շրջանակ, մասնավորապես` վարկատուի հետ համաձայնեցնում է վարկի ծախսման ուղղությունները։ Վարուդակիսի տվյալներով` ՀԲ վարկային միջոցների մոտ 20%-ը կուղղվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Հատկանշական է, որ $20 մլն կուղղվի ճանապարհաշինությանը, որը, կարելի է ասել, մասամբ կփոխհատուցի ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանում գյուղական ճանապարհաշինության ծրագրերի ֆինանսավորման կասեցումը։ Հնարավոր է` այս ուղղությամբ լրացուցիչ հատկացվի $36 մլն։ Ընդհանուր առմամբ` ՀԲ վարկերի օգտագործման ուղղությունների շրջանակը բավական լայն է, ուղվված ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսության մրցունակությունն ամրապնդող ծրագրերին։ Բացի ՀԲ-ից` Հայաստանին միջոցներ կհատկացնի նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան` մոտ $120 մլն։ ՄՖԿ միջոցները հիմնականում կուղղվեն մասնավոր հատվածի ֆինանսավորմանը։ Այսպիսով` Հայաստանն առաջիկա չորս տարում միջազգային կառույցներից կստանա մոտ $670 մլն ռեսուրս։ Սա, ըստ Վարուդակիսի, կառավարության հակաճգնաժամային միջոցառումների հետ զուգակցված, Հայաստանին թույլ կտա 2010 թ. ապահովել ոչ մեծ տնտեսական աճ, թեև 2009 թ. անկումը գնահատվել է 9.5%-ի շրջանակում։

No comments: