Tuesday, June 30, 2009

Իրանից Հայաստան փորձել են ներմուծել կես կիլոգրամ ափիոն

Tert.am. 29-6-2009- ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մոտ կես կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծման երկու դեպք։ Թմրամիջոցն Իրանից փորձել են ներմուծել Կապան քաղաքի երկու բնակիչ` Իգոր Նիկողոսյանն ու Արթուր Բարսեղյանը։ Ի դեպ, մաքսանենգները թմրամիջոցը տեղափոխելու յուրատեսակ ձև են ընտրել` որպես թաքստոց օգտագործելով սեփական մարմինը։ Սովորաբար նման դեպքերում մաքսանենգները թմրամիջոցը տեղափոխում են ստամոքսի մեջ, սակայն Նիկողոսյանն ու Բարսեղյանն ընտրել են մարմինն օգտագործելու այլ տարբերակ, որը բավականին քիչ է հանդիպում, առավել ևս ՀՀ մաքսային ծառայության պրակտիկայում նման դեպք արձանագրվում է առաջին անգամ։ Ապօրինի ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու վերաբերյալ ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Նիկողոսյանին և Բարսեղյանին Մեղրիի մաքսակետից ուղեկցել են Ագարակի հիվանդանոց, որտեղ էլ ենթարկել են զննման։ Մոտ կես կիլոգրամ թմրամիջոցը նրանց մարմիններից հնարավոր է եղել դուրս բերել միայն բժշկական հատուկ միջամտության արդյունքում։ Տեղեկացնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարի` 2003թ.-ի N 691 հրամանի համաձայն, ափիոնի 25 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ի դեպ, ըստ հավաստի տվյալների, 1 գրամ ափիոնի արժեքը մոտ 20 000 դրամ է, այդ հաշվարկներով, առգրավված մոտ կես կիլոգրամ ափիոնը կարժենա շուրջ 10 միլիոն դրամ։ Կատարվում է քննություն։

No comments: