Thursday, August 9, 2012

Վախեցած թուրք նախարարի աչքին քրդերը հայեր են երեւում

News.am. 9-8-2012- Այս տարվա փետրվարի 26-ին Ստամբուլի հակահայկական ցույցի ժամանակ
այլատյացություն հրահրող եւ հակահայկական ելույթով հանդես եկած Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ում հրաժարականը պահանջում էին մի շարք թուրք մտավորականներ եւ հասարակական ու քաղաքական գործիչներ, հերթական զավեշտալի հայտարարությունն է արել: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) կողմից լայնածավալ հարձակումներից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, մասնակցելով Ռամադանի տոնական ճաշին՝ իֆթարին, հայտարարել է, թե PKK-ն օտարեկրյա կառույց է: Տարիներ ի վեր Թուրքիայում իրենց իրավունքների համար պայքարող քրդերի մասին զարմանալիորեն մոռացած թուրք նախարարը, ում ենթականերն արդեն 35 քուրդ քաղաքապետի եւ հազարավոր քուրդ գործիչների, լրագրողների են բանտ ուղարկել, ոչ ավել ոչ պակաս հայտարարում է, թե «քուրդ եղբայները» նման բան անելու կարիք չունեն (զինված պայքարի-խմբ): Ամեն անլուծելի բանում հային եւ հրեային տեսնող թուրք նախարարը հայտարարել է, թե ձերբակալված 4 քուրդ զինյալներից 2-ը Թուրքիայից չեն, նրանք իրանցի, սիրիացի, իրաքցի, հայաստանցի եւ երբեմն էլ՝ իսրայելցի են: Նշենք, որ Իդրիս Նաիմ Շահինը այս տարի փետրվարի 26-ին Ստամբուլի կենտրոնում Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայ ցույցի ժամանակ ասել է. «Այդ օրը արյուն է թափվել, սակայն դրա պատասխանը չի տրվել։ Այդ արյունը գետնին չի մնալու։ Այդ արյան հաշիվը միասին պահանջելու ենք Ստամբուլում, Բաքվում եւ այլուր»։ Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը եւ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը Ստամբուլում փետրվարի 26-ին տեղի ունեցած հակահայկական ակցիայի կազմակերպիչների եւ այդ ակցիայի ժամանակ ելույթ ունեցած Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի դեմ դատական հայց են ներկայացրել։ Հայցի հեղինակները շեշտել են, որ բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ում ելույթն ամբողջությամբ կազմված է եղել հայ ժողովրդի դեմ քին եւ ատելություն սերմանող արտահայտություններից։ «Նախարարի ելույթը ծայրաստիճան վտանգավոր, կողմնակալ եւ խտրական էր, որի պատճառով որոշել ենք ներկայացնել այս հայցը»,-ասվել է հայցում։ Արթուր Հակոբյան

No comments: