Իր այս շաբաթվա սյունակում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.
«ԱԶԳ, 05-06-2009- Տարիներ շարունակ թուրքական կառավարությունն ու նրա վարձկան քարոզիչները պնդել են, թե հրեաներին լավ են վերաբերվել Թուրքիայումՙ պատմության ամբողջ ընթացքում:
Վերջին տարիներին, երբ հայերի ցեղասպանությունը ճանաչելու միջազգային ճնշումն ուժեղացավ Թուրքիայի վրա, թուրք պաշտոնյաներն իրենց երկրի հեղինակությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով ստիպեցին տեղի հրեական համայնքի ղեկավարներին հրապարակային հայտարարություններով հանդես գալ, որ իրենք հարյուրավոր տարիներ խաղաղ եւ բարգավաճ կյանք են վարել Թուրքիայում:
Թուրքիայի հրեա ղեկավարները կատարեցին թուրքական կառավարության թելադրանքը, որպեսզի ապահովեն իրենց համայնքի անվտանգությունը եւ պահպանեն իրենց անձնական գործարարական շահերը:
Իրականում հրեական համայնքի պատմությունը Օսմանյան կայսրությունում եւ հետագայում Թուրքիայի Հանրապետությունում շատ քիչ է ուսումնասիրված: Կորրի Գուտշտադ անունով մի գերմանացի գիտնական վերջերս այդ հարցը լրացնելու միտումով հրատարակել է 520 էջանոց համապարփակ մի ուսումնասիրություն, որտեղ ցույց է տրված Հոլոքոսթի ժամանակահատվածում Թուրքիայի գործադրած դատապարտելի արարքները: «Թուրքիան, հրեաները եւ Հոլոքոսթը» (Die Turkie, die Juden und der Holocaust) խորագրով գրքում հեղինակը եվրոպական մի շարք երկրների արխիվային նյութերի հիման վրա ներկայացրել է հրեաների տխուր ճակատագիրը Թուրքիայում:
Սոնյա Գալերին տված հարցազրույցի ժամանակ (որը տեղադրված է www.Qantara.de կայքում) Գուտշտադը բացատրել է, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 150 հազար հաշվող հրեական համայնքը նվազեց ներկայիս սոսկ 20 հազարի:
«Օսմանյան կայսրությունը որպես «բազմամշակութային դրախտ» ներկայացնելը անհեթեթություն է եւ հակապատմական: Որպես ոչ մահմեդականներ հրեաները ենթարկվում էին անթիվ-անհամար ճնշումների: Քրիստոնյաների նման նրանք էլ պարտավոր էին գլխահարկ վճարել եւ իրենց ստորադաս պահել մահմեդականներից», նշել է Գուտշտադը:
Հայերի ցեղասպանությանը ականատես լինելով, հրեաները սարսափում էին, որ իրենք էլ կարժանան միեւնույն ճակատագրին: Որպեսզի ապահովեին իրենց անվտանգությունն ու գոյատեւումը, նրանք ամեն ջանք գործադրում էին (մինչեւ իսկ դավանափոխ լինելով ու մահմեդականություն ընդունելով), ապացուցելու, որ իրենք Թուրքիայի հավատարիմ հպատակներն են:
«Սկզբնական շրջանում հրեաներից շատերը իրենց քեմալիստական շարժման դաշնակիցներ էին համարում եւ նոր հանրապետության հաստատումը դրական ակնկալիքներով էին դիմավորում», ասել է Գուտշտադը եւ շարունակել. «Այդ ակնկալիքները, սակայն, շուտով հօդս ցնդեցին: Հակառակ հարմարվելու իրենց փորձերին եւ հավատարմության խոստումներին ու պատրաստակամությանը, նրանք դարձան թիրախը երիտասարդ հանրապետականների կոշտ ազգայնամոլության: Երիտթուրքերի քաղաքականության բնորոշ գծերից մեկն էր պետության, տնտեսության եւ հասարակության «թուրքացումը», որի հետեւանքով հրեաները մեկը մյուսի հետեւից դուրս մղվեցին մի շարք մասնագիտություններից եւ տնտեսական ոլորտից, շատ հրեաներ արտագաղթեցին (Թուրքիայից)»:
Երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում Թուրքիայի հրեաների եւ մյուս փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականությունը աճում էր: Ըստ Գուտշտադի, «Հակասեմական տրակտատները, ինչպիսին, օրինակ, «Սիոնի ուսյալ ավագների արձանագրությունները», Թուրքիա հասնելով անմիջապես թուրքերենի էին թարգմանվում 1930-ական թվերին: Թուրքիայում իսլամական հակասեմականության հայրը համարվող Ջեւաթփ Ռիֆաթ Աթիլհանը Գերմանիա այցելությունից վերադառնալով Ստամբուլում սկսում է հրատարակել «Միլլի ինկիլապ» («Ազգային հեղափոխություն») հակասեմական թերթը, որտեղ տեղ են գտնում գերմանական «Դեր Շտուրմեր» նացիստական թերթից արտատպված հակասեմական ծաղրանկարները: Մինչեւ օրս վերոնշյալ «Սիոնի ուսյալ ավագների արձանագրություններն» ու «Մայն քամպֆը» բազմաթիվ անգամներ են վերահրատարակվել Թուրքիայում:
Հրեաներին, քրդերին, հայերին եւ հույներին պարտադրված պատժամիջոցների շարքում էին բռնի տեղահանությունները, «ունեցվածքի հարկը», որը շատ անգամ բռնագանձմամբ եւ կալվածների առգրավմամբ էր ավարտվում, քանի որ մարդիկ ի վիճակի չէին մուծելու աստղաչափական գումարները, եւ պարտադրված աշխատանքը Արեւելյան Անատոլիայի ճամբարներում»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին մոտ 30 հազար հրեաներ Թուրքիայից Եվրոպա տեղափոխվեցինՙ փախչելու համար անարդար եւ հաճախ գազանային վերաբերմունքից, չիմանալով, որ այնտեղ իրենց սպասում է առավել ողբերգական ճակատագիր: 1942-ին նացիստական Գերմանիան Անկարայից պահանջեց հետ կանչել գերմանական Ռայխի գրաված տարածքներում գտնվող իր հրեա քաղաքացիներին: Անկարան մերժեց ընդունել նրանց եւ զրկեց նրանց թուրքական քաղաքացիությունից: Որպես հետեւանք Թուրքիայի հազարավոր հրեաներ բնաջնջվեցին գերմանական համակենտրոնացման ճամբարներում:
Գուտշտադը նաեւ քողազերծել է բազմիցս կրկնվող այն սուտը, թե իբր Թուրքիան եվրոպացի հրեաներից շատերին ապահով ապաստան է տվել Հոլոքոսթի գործադրման ժամանակ: Նա նշել է, որ նույնիսկ եվրոպական երկրներում հավատարմագրված այն մի քանի թուրք հյուպատոսները, որոնք միջամտել են ազատելու թուրք հրեաներին, կատարել են այդ քայլը «ոչ թե մարդասիրական նպատակով, այլ իրենց գրպանները լցնելու մոլուցքով դրդված»:
Թուրքերի ստերը մերկացնող Կորրի Գուտշտադի այս գիրքը պետք է թարգմանվի եւ հրատարակվի մի շարք միջազգային լեզուներով, որպեսզի աշխարհն իրազեկ լինի Հոլոքոսթի օրերին իր հրեա քաղաքացիների հանդեպ Թուրքիայի կառավարության որդեգրած ռասիստական եւ հանցագործ քաղաքականությանը:
No comments:
Post a Comment