Thursday, June 4, 2009

«ՊԵՏՔ Է ՁԳՏԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՁԵՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ»

Ամերիկա-թուրքական խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը «ԱԶԳ»,04-06-2009- Մայիսի 31-հունիսի 3-ին Վաշինգտոնում գումարվել է 28 տարվա վաղեմություն ունեցող Ամերիկա-թուրքական խորհրդի` ATC-ի ամենամյա կոնֆերանսը: «ԱՄՆ-Թուրքիա. հաղթահարել ձեւափոխության շրջանի դժվարությունները» թեմայով հրավիրված կոնֆերանսի գումարումն իրականացվել է Թուրքիայի ամերիկացի բարեկամներ, Թուրք-ամերիկյան գործարար խորհուրդ եւ Արտաքին տնտեսական հարաբերություններ կազմակերպությունների անմիջական աջակցությամբ: Կոնֆերանսին մասնակցել են թուրք եւ ամերիկացի հայտնի պետական, քաղաքական գործիչներ: Ամերիկացիներից թերեւս կարելի է առանձնացնել սենատոր Ջոն Քերիին, ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Մայքլ Մուրենին, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գրոսմանին եւ Ամերիկա-թուրքական խորհրդի նախագահ, պաշտոնաթող գեներալ Բրենտ Սկոուքրոֆթին: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանց թվում էլ պետք է նշել «Կոկա-կոլա» ընկերության թուրք տնօրեն Մուհթար Քենթին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլին, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղին, գլխավոր շտաբի ծրագրավորման վարչության պետ, գեներալ-գնդապետ Նուսրեթ Թաշդելերին: Կոնֆերանսում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերություններին, թուրքական բանակում հակաամերիկյան տրամադրությունների առաջացմանը, վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության որդեգրած քաղաքականությանը, PKK-ի զինաթափմանը, Իրաքի, Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքական զարգացումներին առնչվող խնդիրներ: Որպես օրակարգի քողարկված խնդիր, դռնփակ քննարկվել է նաեւ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործը: Թերեւս կարելի էր չանդրադառնալ Ամերիկա-թուրքական խորհրդի ամենամյա 28-րդ կոնֆերանսին, եթե այնտեղ ելույթ չունենային թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ծրագրավորման վարչության պետ, գեներալ գնդապետ Թաշդելերն ու պաշտպանության նախարար Գյոնուլը եւ չարծարծեին Հայաստանի հետ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: Ինչպես հունիսի 2-ին նշում է «Զամանը», Թուրքիայի պաշտպանության նախարարը ելույթում ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ջանքերը, ապա եւ ընդգծել է Ռուսաստանի եւ Իրանի փոխարեն Հայաստանին Արեւմուտքի հետ մերձեցնելու կարեւորությունը: Նախարարին լրացրել է Թաշդելերը: Նշելով Երեւանի հետ հարաբերությունները նորմալացնելու Անկարայի ձգտումների մասին, գեներալ-գնդապետն ասել է, որ հակառակ դրան, ցեղասպանության հայկական պնդումները «թունավորման» ներգործություն են ունենում: Թաշդելերը միաժամանակ ասել է, որ Թուրքիան Իրաքի հարցում հավանություն է տալիս ԱՄՆ-ի առաջադրանքին, պահանջի դեպքում կաջակցի ամերիկյան զորքի դուրսբերմանը այդ երկրից, պաշտպանում է ամերիկյան որդեգրած ռազմավարությունը Աֆղանստանում եւ Պակիստանում: Նա անդրադարձել է նաեւ Թուրքիա-Իսրայել հարաբերություններին, ընդգծելով, որ դրանք դիմացել են ժամանակի փորձությանը: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: