Thursday, June 11, 2009

Հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին գործընթացների արդյունքում Հայաստանն ավելի շահեկան դիրքում է, քան Թուրքիան

HayInfo. 10-6-2009- Հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին գործընթացների արդյունքում Հայաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Թուրքիան, կարծում է «Քաղաքական ուսումնասիրությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Հարաբերությունների բարելավման նախաձեռնությունը բխում էր Հայաստանից, իսկ Թուրքիան չի արդարացրել համաշխարհային հանրության և Հայաստանի հույսերը։ Նման իրավիճակում Հայաստանը կարող է հակառակ քայլն անել, իսկ Թուրքիան այդ հնարավորությունը չունի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանասյանը։ Միաժամանակ, ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը գործ ունի դիվանագիտական մեծ փորձ ունեցող պետության հետ։ Քաղաքագետը նշեց նաև, որ Թուրքիան հետաքրքիր դիվանագիտական խաղ է վարում՝ փորձելով հաճոյանալ և Արևմուտքին, և Ադրբեջանին։ «Այդ իսկ պատճառով Թուրքիայի բարձր իշխանական շրջանակներում տեղի է ունեցել դերերի բաշխում՝ նախագահ Աբդուլա Գյուլը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմաններ բացելու և Ադրբեջանի շահերին հակառակ հարաբերություններ բարելավելու հայտարարությամբ, իսկ վարչապետ Էրդողանը հանդես է գալիս պանթուրքական հայտարարություններով»,- ասաց Մանասյանը։ Նա ընդգծեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև թվացյալ հակասությունները նույնպես այդ դիվանագիտական խաղի մի մասն են։ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։ Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

No comments: