Saturday, June 13, 2009

Միավորվե՛նք պլատֆորմի շուրջ. Առաջարկ ընդդիմադիր ուժերին

Tert.am. 12-6-2009- Հունիսի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հրավիրված հանրահավաքի վերջնամասում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը։ Նա ընդդիմադիր ուժերին կոչ է արել միավորվել հետևյալ պլատֆորմի շուրջ... 1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.6. Լիովին բացահայտել և դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները և ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետև բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները և հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.9. Կատարել Եվրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձևերի պահանջը, և անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.10. Դադարեցնել երթերի, ցույցերի և հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ.12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ «Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար», - իր ելույթը եզրափակել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

No comments: