Thursday, June 4, 2009

Հայաստանում աճել է կաշառակերության տոկոսը, Transparency International

Tert.am. 4-6-2009- Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2009» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տիրող իրավիճակին։ Հարցումն անցկացվել է 69 երկրներում, հարցմանը մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։ Հայաստանում հարցումն անցկացվել է հունվարի 25-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 1000 մարդ։ Ներկայացնելով աշխարհում կոռուպցիայի վիճակը՝ կազմակերպության ներկայացուցիչներն ահազանգում են վերջին տարիների վատթար զարգացումների կապակցությամբ։ Այսպես, հարցման արդյունքները ցույց են տվել, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում բնակչության մոտ 40 տոկոսը տարբեր տեսակի կաշառք է վճարել վերջին տարվա ընթացքում։ Նախկին ԽՍՀՄ երկրներում (զեկույցում կոչվում են «Նոր անկախացած երկրներ») նման փորձ է ունեցել բնակչության 28 տոկոսը, և դա աշխարհի տարածաշրջաններում երկրորդ ցուցանիշն է։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում՝ 2 տոկոս։ Մանր կաշառք վճարողների համեմատական աղյուսակում մեր երկիրը բարձր տեղ է զբաղեցնում։ Այս առումով աշխարհում «առաջատարն են» 4 աֆրիկյան երկրները՝ Կամերունը, Սյերա-Լեոնեն, Ուգանդան և Լիբերիան, որտեղ մանր կաշառք վճարողների տոկոսը կազմում է 50–ից ավելի։ 23-ից 49-ը տոկոս ընկած հատվածում են Հայաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Իրաքը, Քենիան, Լիտվան, Մոլդովան, Ռուսաստանը, Մոնղոլիան, Սենեգալը, Վենեսուելան։ Մանր կաշառակերության ամենացածր տոկոսն է գրանցվել, մասնավորապես, Թուրքիայում և Վրաստանում՝ 6 տոկոսից պակաս։ Հայաստանում հարցվածների 43 տոկոսն է խոստավանել, որ վերջին տարվա ընթացքում կաշառք է տվել։ Համեմատության համար նշենք, որ մեր տարածաշրջանում Հայաստանից ավելի բարձր ցուցանիշ ունի միայն Ադրբեջանը՝ 46 տոկոս։ Հետաքրքրական է, որ, այսպես կոչված, «Նոր անկախացած երկրներում», որոնց թվին է դասվում նաև Հայաստանը, վերջին տարիների ընթացքում մանր կաշառակերության տոկոսն աճել է միջինը 17-ից մինչև 28 տոկոսով։ Հայաստանը, փաստորեն, միջինից գրեթե երկու անգամ բարձր ցուցանիշ է գրանցել։ Բացի այդ, այն խմբի երկրներում, որի մեջ մտնում է Հայաստանը, հարցման մասնակիցների ընդամենը 20 տոկոսն է հավատում, որ իրենց երկրի կառավարության հակակոռուպցիոն ջանքերն արդյունավետ են։ Հայաստանում այդ ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 38 տոկոս, և այդ ցուցանիշը վերջին տարվա ընթացքում աճել է, սակայն հարցվածների 48 տոկոսը համոզված է, որ նման ջանքերն անարդյունավետ են։ Համաձայն զեկույցի տվյալների՝ ամբողջ աշխարհում հիմնականում մարդիկ կաշառք են վճարել ոստիկանությանը. տվյալ ցուցանիշը կազմում է 26 տոկոս, իսկ ահա հայաստանցիներն ամենակոռումպացվածն են համարում դատական համակարգը։ Հարցման մասնակիցների 33 տոկոսը վերջին տարվա ընթացքում կաշառք է վճարել այս ոլորտում։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանում հարցման մասնակիցների 11 տոկոսը համարում է, որ կաշառակերությունը առկա է քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ, 12 տոկոսը՝ խորհրդարանում/օրենսդրական մարմիններում, ևս 12 տոկոսը՝ բիզնեսում և մասնավոր հատվածում, 18 տոկոսը՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում։

No comments: