Friday, July 17, 2009

Հատուկ արարողություն կործանված ինքնաթիռի զոհվածների համար

Հինգշաբթի հուլիսի 16-ի, կեսօրից հետո, ժամը 1:00-ին Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ Տ. Վարազդատ ավագ քհն. Տերտերյանի, Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանի, Իսլամական խորհրդարանի զույգ հայ պատգամավորների, թեմական համայնքային մարմինների, մոտ 200 ազգայիններ, չորս հանրակառքերով մեկնեցին Թեհրանից հյուսիս գտնվող Ղազվին քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի վայր, ուր նույն օրը, հատուկ Հոգեհանգստյան արարողություն կատարվեց զոհվածների հոգիների խաղաղության համար: Արարողությանը նախագահեց և հավուր պատշաճի քարոզեց Սրբազան Հայրը: Նա մխիթարական ասաց զոհվածների ընտանիքներին ու շնորհակալական ու գնահատանքի իր խոսքն ուղղեց պետական մարմիններին, իրենց կարելին ի գործ դնելու համար: Սրբազան Հայրը իր խոսքերում ի մասնավորի նշեց. «Դուք ամեն մեկդ կորցրել եք մեկ հոգի, իսկ ես 45. և ինչու չէ 168 հոգի»: Այնուհետ իրենց հատուկ խոսքն ասացին նաև Ղազվինում Հեղ. Առաջնորդի ներկայացուցիչ այաթ. Աբութորաբին, Իսլամական խորհրդարանի փոխխոսնակը ու նաև Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանը: Հիշատակէլի է, որ Սրբազան Հոր խոսքերը թարգմանում էր ԻԽ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Հոգևոր այս արարողությանը ներկա էին զոհվածվածների ընտանիքներ, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական և զինվորական պաշտոնյաներ, բարձրաստիճան հոգևորականներ ու բազմաթիվ, հայ և պարսիկ, ժողովուրդ։

No comments: