Tuesday, August 25, 2009

Ինչո՞ւ ամերիկյան արդարադատությունը հայերին չօգնեց

Tert.am 24-8-2009- Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Վերաքննիչ դատարանը նախորդ շաբաթ մերժել է հայցն այն մասին, որ Օսմանյան կայսրությանը զոհ գնացած մարդկանց հետնորդները կարող են փոխհատուցում ստանալ: Ուշագրավ է, որ այս հայցի մասին 2000թ. նույն ամերիկյան դատարաններից մեկը կայացրել էր որոշում՝ ըստ որի սկզբունքորեն հնարավոր է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին փոխհատուցում տրամադրելը: Դեպքի վերաբերյալ այսօր լրագրողներին իր տեսակետն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ Կալիֆորնիայի դատարանի որոշումը «բավական ցավալի է», քանի որ մենք միշտ հույս ենք ունեցել, որ ամերիկյան արդարադատությունը մեզ հետ է: «Ցավալի դրվագ է, բայց պարտություն չէ»,- հայտարարել է Սաֆրաստյանն ու հույս հայտնել, որ ամերիկյան արդարադատությունը կհաղթի: Որոշման հետևում Սաֆրաստյանը չի տեսնում ամերիկյան քաղաքականության փոփոխություն, սակայն ընդունում է նաև, որ դեպքը կարելի է նաև դիտարկել որպես Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականացման փորձ: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ հայցի մերժման պատճառն այն է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն նա միաժամանակ նաև նկատել է, որ թեև ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց ԱՄՆ հասարակական, գիտական և քաղաքական շրջանակների զգալի մասն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հայկական կողմի հայցի մերժումը, ըստ արևելագիտության ինստիտուտի տնօրենի, Ամերիկայի թուրքական ֆորում լոբիստական կազմակերպության գործունեության հետևանքն է, որն, ըստ նրա, բավական մեծ գործունեություն է ծավալում: Սաֆրաստյանը վստահ է, որ հայցի բողոքարկման հարցում մեծ անելիք ունեն Ամերիկայի հայկական լոբիստական կազմակերպությունները:

No comments: