Thursday, August 20, 2009

ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում. քաղաքագետ

Tert.am. 19-8-2009- ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալը պայմանավորված չէ տարածաշրջանում ծավալված վերջին իրադարձություններով. դրա հիմքը դրվել է օգոստոս ամսվա պատերազմից էլ շուտ։ Այսօր նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին որոշումը պայմանավորված է ռուս-վրացական հարաբերություններով։ Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ այդ գործընթացի հետևանքները բացասաբար կանդրադառնան տարածաշրջանի վրա, քանի որ Հարավային Կովկասի երկրները մտնում են տարբեր միավորումների կազմերի մեջ։ Իգիթյանը նաև հավելել է, որ ԱՊՀ-ի կազմում Վրաստանի բացակայությունը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, որն այլևս չի կարողանա հանդես գալ Անդրկովկասում չեզոք խաղորդի դերում։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանում շփման եզրեր գտնել բանակցությունների համար, այլ դիմում են շանտաժի։ «Իհարկ», հաճելի չէ, երբ երկու մեծ տերությունների շահերի սահմանն անցնում է Հայաստանի և Վրաստանի սահմանով»,- եզրափակել է քաղաքագետը։

No comments: