Saturday, August 29, 2009

ՎՐԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ` «ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ», ԲԱՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

«ԱԶԳ», 28-08-2009- Հայաստան-Վրաստան հարաբերությունները պաշտոնական բոլոր մակարդակներում հանդիպումների ժամանակ որակվում են որպես «չկան հարցեր, որ չլուծվեն», իսկ ավելի հաճախ էլ բարձրաձայնում են հարցերի բացակայության մասին, մինչդեռ հայ-վրացական խնդիրները շարադրելու համար տեղ ու ժամանակ պիտի որ շատ ու շատ հատկացվեն: Եթե նախկինում հայ-վրացական խնդրահարույց ոլորտները վերաբերում էին ամենից առաջ կրթությանը, կրոնին, լեզվին ու հայապահպանության այլ բնագավառների, ապա գնալով «խնդրահարույցները» շատանում են: Հայաստանի ու Վրաստանի միջեւ Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մի երկար ժամանակ է, ինչ գործընթաց է երկու երկրների համատեղ հանձնաժողովի աշխատանքի առումով: Սակայն դեռեւս այդ աշխատանքի վերջն առանձնակի չի երեւում, դրա փոխարեն ի հայտ են գալիս խնդիրներ, լուրջ խնդիրներ: Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունից հաղորդել են, որ Բավրա գյուղի գյուղական համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը մայիս ամսից բազմիցս դիմել է նախարարություն եւ տեղեկացրել, որ վրացի սահմանապահները մտել են գյուղի տարածք եւ գյուղացիներին թույլ չեն տալիս այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: «Պանարմենիըն.նեթ» գործակալության փոխանցմամբ, գյուղապետը մանրամասնել է. «Մենք դիմեցինք Հայաստանի ԱԳՆ եւ տարածքային կառավարման նախարարություն: Այնտեղ մեզ ասացին, որ գյուղացիներն իրավունք ունեն այդ հողերի նկատմամբ եւ կարող են հանգիստ օգտագործել դրանք: Սակայն հայ սահմանապահներն ասում են, որ այդ տարածքը վիճելի է, հետեւաբար, գյուղացիներն իրավունք չունեն դրանք օգտագործելու»: Տարածքային կառավարման նախարարությունից հայտնել են, որ այդ խնդիրը չի մտնում գերատեսչության իրավասությունների մեջ: «Ազգին» արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ տարածքը, որին վերաբերում է Բավրայի գյուղապետի դժգոհությունը, դեռեւս համաձայնեցված չէ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի կողմից, եւ այդ ուղղությամբ դեռ աշխատանքները շարունակվում են: «Երկու պետությունների միջեւ երկուսի կողմից էլ վիճելի ճանաչված տարածքներում սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքի ժամանակ տարածքային վեճի դեպքում Վրաստանի կողմից միակողմանի զինված ենթաբաժանմունքների ներխուժումը միջազգային իրավունքով որակավորվում է որպես ագրեսիա: Տվյալ դեպքում պաշտոնական Երեւանի կողմից ադեկվատ քայլերի բացակայությունը գնահատվում է որպես լուռ համաձայնություն եւ տարածքների կամավոր հանձնում», «Պանարմենիըն.նեթը» մեջ է բերում փաստաբան-միջազգայնագետ, Կովկասի ինստիտուտում միջազգային իրավունքի դասախոս Նորայր Բաբաջանյանի խոսքերը: Սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան Հայաստանի առաջարկությամբ կարող են իրականացվել փաստացի հողագործության մոտեցմամբ: Ու թերեւս այս պարագայում էլ հասկանալի է վրացական սահմանապահների նմանօրինակ պահվածքը, քանի որ Բավրա գյուղի բնակիչների համար հողագործության ավանդական տարածքներն այժմ դառնում են վիճահարույց:

No comments: