
/PanARMENIAN.Net/ 27.08.2009 - Օգոստոսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանին: Ողջունելով Հայաստանից ժամանած պատգամավորներին, ԱԺ նախագահն արժեւորեց երկու հայկական խորհրդարանների ավանդական փոխգործակցությունը: Խոսնակն ընդգծել է, որ վերջին տարիներին այն առավել ակտիվանալու միտում ունի` իրականացվելով տարբեր մակարդակներով ու ձեւաչափերով, այդ թվում` մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի, պատգամավորների անհատական հանդիպումների միջոցով:
Տիկին Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ներկայումս հարաճուն կարեւորվում է միջազգային կազմակերպությունների հետ համակողմանի շփումները՝ ուղղված տարածաշրջանի ինտեգրմանն այդ կառույցներին: «Այդ առումով մեր հանձնաժողովը ոչ քիչ անելիքներ ունի, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերը: Ուստի, գալով Արցախ, նպատակ ունենք տեղում քննարկել այդ ուղղությամբ մեր համագործակցության առաջնահերթությունները, ձեւերն ու միջոցները»,- հայտնել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նույն օրը Նաիրա Զոհրաբյանի եւ Վաչագան Խուրշուդյանի հետ հանդիպում ունեցավ նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում երկու հանձնաժողովների փոխգործակցության հարցեր` կապված միջազգային կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի առավել լիարժեք ու հստակ ներկայացման անհրաժեշտության հետ:
Հանդիպումներին ներկա էին ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը եւ Գարիկ Գրիգորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Դանիելյանը եւ ՀՀ ԱԺ¬ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
No comments:
Post a Comment