Thursday, August 27, 2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ ԷՐ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, 1992-1994 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի հետ: -Ջոն Հոպկինսի ինստիտուտի` Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարը Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ռուսաստանը եղել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս տարածքների գրավման մասնակիցներից մեկը, հետեւաբար, իրավունք չունի խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը. իրո՞ք Ռուսաստանը ժամանակին մասնակցել է Ղարաբաղի ազատագրմանը: -Ցավալի է, իհարկե, որ Ֆրեդ Սթարն անտեղյակ է ԼՂ հակամարտության 1991-1994 թ.թ. ռազմական փուլի ընթացքում ՌԴ-ի իրական դերին ու մասնակցությանը: Իրականում ՌԴ-ն անընդհատ օժանդակություն էր ցուցաբերում թե մեկ, թե մյուս կողմին: Մինչեւ 1998թ. ԼՂ հակամարտությունն ուներ հետեւյալ էությունը. կար երեք քաղաքական կողմ` ԼեռնայինՂարաբաղ, Ադրբեջան, Հայաստան եւ երկու ռազմական կողմ: ՌԴ-ն թե իր քաղաքական ու դիվանագիտական քայլերով ու գործողություններով, թե սպառազինություններ ու ռազմամթերք մատակարարելով օգնում էր մեկ մի կողմին, մեկ մյուս: Իսկ ամենավճռական պահին թե ռազմական, թե քաղաքական առումով հստակ սատարեց Ադրբեջանին. 1993թ. դեկտեմբերին սկսվեց Ադրբեջանի լայնածավալ հարձակումը` ճակատային գծի ամբողջ երկայնքով:Ի դեպ, այն ժամանակ մենք արդեն տեղյակ էինք, որ Ադրբեջանը դեկտեմբերին լայնածավալ հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ: Այնտեղ արդեն իշխանության էր եկել Հեյդար Ալիեւը, եւ Ադրբեջանը մանրակրկիտ կերպով պատրաստվել էր այդ հարձակմանը, ներդրել հսկայական գումարներ: Հեյդար Ալիեւն արդեն Ադրբեջանին դարձրել էր ԱՊՀ անդամ, որի համար նա պետք է ՌԴ-ից լուրջ փոխհատուցումներ ստանար: Ուստի հարձակման կամպանիայի նախապատրաստման եւ իրականացման ողջ ռազմաքաղաքական գործողությունները ծրագրվում եւ իրականացվում էին ՌԴ-ի համաձայնությամբ ու օժանդակությամբ:Այդ հարձակումից մոտ մեկ ամիս առաջ` 1993թ. նոյեմբերի 20-ին ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը պետք է Բաքվից ավտոմեքենայով ժամաներ Հայաստան: Ըստ ձեռք բերված համաձայնության` նա պետք է գար Ղազախ-Իջեւան հայտնի ճանապարհով, որն արդեն ավանդական երթուղի էր դարձել, իսկ Իջեւան-Ղազախ սահմանակետը` ադրբեջանցիների հետ հանդիպումներում ավանդական հանդիպման վայր: Այլ ճանապարհ ուղղակի չկար, եւ ի դեպ, այսօր էլ ուրիշ ճանապարհ չկա: Սակայն չգիտես ինչու, առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու, նրանք Իջեւանի շրջանի փոխարեն գնացին դեպի Նոյեմբերյանի շրջան, մինդեռ այդ ժանամա մեր պաշտոնական պատվիրակությունը Կազիմիրովին սպասում էր Իջեւան-Ղազախ սահմանակետում: Ռուսական կողմը նախօրոք ընդամենը հարցրել էր մեզ այլ երթուղու հնարավորության մասին, եւ ստացել պատասխան, որ երթուղու որեւէ փոփոխություն անհնար է: Ադրբեջանական զինվորականները, որոնք ուղեկցում էին Կազիմիրովին եւ նրա օգնականին, դեպի Նոյեմբերյան տարան ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին այնպիսի ճանապարհով, որը հպման գծին չհասած արգելափակված էր: Ճանապարհի ողջ լայնությամբ փորված այնպիսի խոր հակատանկային արգելքով (փորված հենց ադրբեջանցիների կողմից), որը ոչ մի փոխադրամիջոց չէր կարող հաղթահարել: Մեր դիրքերից այդ ժամանակ եղան նախազգուշական կրակոցներ, ընդ որում, կրակոցները եղել էին, երբ ուղեկցող մեքենան էր սկսել մոտենալ շփման գծին: Ադրբեջանցիները, լավ իմանալով ինչ են անում, Կազիմիրովի մեքենան թողել էին հետեւում, եւ իրենք շարժվելով առաջ, սադրել էին մեր զինվորականերին: Նշեմ, որ այդ միջադեպից հետո արդեն ես ինքս հանդիպեցի մեր զինվորներին, եւ նրանք ինձ պատմեցին բոլոր մանրամասները, որ նրանք պարզապես կատարել են իրենց պարտականությունը:Կրակոցներից հետո, ադրբեջանցիներն անմիջապես հետ քաշվեցին. նրանք իրենց գործն արդեն արել էին, եւ հիմա արդեն հանդես պետք է գար Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հանձին ՌԴ ԱԳ նախարար Կոզիրեւի: Եւ Կոզիրեւը սկսեց աննախադեպ հարձակում Հայաստանի վրա` պահանջելով ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրել, ինչի որեւէ պատճառ, սակայն, չկար, եւ բնականաբար որեւէ ներողություն չեղավ: Մենք պաշտոնապես ափսոսանք հայտնեցինք, որ նման միջադեպ է եղել, նշելով, որ տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին պետք է փնտրել Հայաստանից դուրս: Կոզիրեւը գնաց աննախադեպ քայլի. Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստուպիշինին կանչեց Մոսկվա կոնսուլտացիաների համար: Սակայն Հայաստանի ղեկավարության զուսպ եւ հավասարակշռված, արժանավայել կեցվածքի եւ քայլերի արդյունքում ռուս-ադրբեջանական համատեղ պրովոկացիան որեւէ քաղաքական օգուտ չբերեց: Ավելին, ինքը Կոզիրեւը հայտնվեց ծիծաղելի վիճակում (ռուսական որոշ լրատվամիջոցներ անգամ սկսեցին նշել Կոզիրեւի ջղաձիգ հայտարարությունները): Կոզիրեւը խելքը գլուխը հավաքեց, դադարեց Հայաստանի հետ նման ոճով խոսելը, եւ իհարկե Ստուպիշինը վերադարձավ Երեւան: /Այս դեպքերի մասին, վստահ եմ դեռ կխոսվի հետագայում, կան բազմաթիվ շատ հետաքրքիր մանրամասներ ու դետալներ:/ Կարծում եմ` անձամբ Կազիմիրովը տեղյակ չէր, թե ինչ է սպասվում իրեն` հայ-ադրբեջանական սահմանում: Եվ ցավում եմ, որ իր գրքում Կազիմիրովն այդ դեպքերը նկարագրում է Կոզիրեւյան վարկածով:Ավելի ուշ արդեն, երբ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը եւս որեւէ արդյունք չտվեց, Հեյդար Ալիեւն ստիպված եղավ արդեն 1994 թ. մայիսին զինադադար կնքել: Բայց այս ամիսները պատերազմի ամենածանր շրջանն էր, եւ երկու կողմերից էլ մեծաթիվ կորուսներ եղան: Սա լավագույն օրինակն է, թե ինչպես է պահել իրեն ՌԴ-ն` ռազմական գործողությունների ժամանակ:Ինչ վերաբերում է Ֆրեդ Սթարին, ապա լավ կլիներ, որ նա հիշեր, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողություններ, կորցրել տարածքներ իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում, վարել է զինադադար մերժելու քաղաքականություն, եւ որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցել են եւ չեչեն գրոհայիններ, եւ աղվանական մոջահեդներ, եւ ռուս ռազմական օդաչուներ:Եվ ԼՂ հակամարտությունում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ու պահվածքի համար ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին կիրառել Ադրբեջանի նկատմամբ` հանձին 1992թ. ընդունված հայտնի 907 բանաձեւի: -Այսօր շատ է խոսվում ԼՂ-ում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին, եւ շատ է քննարկվում, թե որ երկրները պետք է զորքերը տեղակայեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: -Առայժմ որեւէ նշան չկա, որ լինելու են խաղաղապահներ, ես նկատի ունեմ զինված խաղաղապահներ: Ընդհակառակը, կարծես թե պայմանավորվածություն կա, որ տեղակայվելու են անզեն խաղաղապահներ, այսինքն` միջազգային դիտորդներ: Կարծում եմ, որ սա Հայաստանի կողմից շատ լուրջ զիջում է, քանի որ միջազգային խաղաղապահ զինված ուժերի ներկայությունն անհրաժեշտ է որպես ռազմական երաշխիք` ԼՂ-ի անվտանգության համար: -Իսկ Ձեր կարծիքով, ո՞ր երկրները պետք է խաղաղապահ ուժեր տեղակայեն: -Հայաստանի իշխանությունները պետք է պնդեն, որ անպայման խաղաղապահ ուժեր տեղակայվեն, ոչ միայն դիտորդներ: Եվ այդ դեպքում պետք է այստեղ խաղաղապահ ուժեր տեղակայեն այն երկրները, որոնք ուղղակի շահեր չունեն տարածաշրջանում: -Հնարավո՞ր է գտնել այդպիսի երկրներ: -Սկանդինավյան երկրները, Արեւելյան Եվրոպայի երկրներից կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել: Այսինքն` այն երկրները, որոնք երբեւէ ուղղակի քաղաքական շահեր չեն հետապնդել տարածաշրջանում: Նման պայմանավորվածություն դեռ վաղուց կար ԵԱՀԿ Մինսկի խմբում, որ խաղաղապահ գործողություններ սկսելու դեպքում դրան մասնակից չպետք է լինեն հարեւան երկրները եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ «Լրագիր» 26-8-2009 Հ.Գ. Դավիթ Շահնազարյանը, 1992-1994 թթ. լինելով ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, զբաղվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներով:

No comments: