
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հեռանկարները կասկածելի են, քանի որ կողմերի դիրքորոշումները բացարձակապես անհամատեղելի են: Այս մասին Day.Az-ին հայտնել է ռուսական Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ Սերգեյ Միխեևը:
Մեկնաբանելով այսպես կոչված Կովկասյան տուն (Հյուսիսային և Հարավային Կովկասի երկրների միություն) ստեղծելու գաղափարը, որը կոչված կլինի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար, նա ընդգծել է, որ դա, իր կարծիքով, անիրական է:
«Կովկասը բաժանված է պետական սահմաններով: Հաճախ կովկասյան հանրապետությունները պատերազմում են միմյանց դեմ: Նման պայմաններում ես առաջիկա տարիներին նման նախաձեռնություններն իրականացնելու հավանականություն չեմ տեսնում: Հարկավոր է իրատես լինել. Կովկասն իր ամբողջ պատմության մեջ երբեք խաղաղության մեջ չի ապրել: Ո´չ իր ներսում, ո´չ էլ հարևանների հետ: Մեզ մոլորության մեջ են գցում խորհրդային ապահով տարիների մասին անցյալի հիշողությունները: Սակայն պատմական տեսանկյունից դա շատ կարճ ժամանակահատված է եղել»,- նշել է Միխեևը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ղարաբաղյան հակամարտության օրինակով չի կարող վերականգնել նախորդ տարվա օգոստոսյան իրադարձություններից հետո կորցրած խաղաղարար երկրի իմիջը, Միխեևը ասել է հետևյալը. «Չեմ կարծում, որ հարցն իրականում կայանում է նրանում, թե ով է միջնորդ հանդիսանում: Խնդիրն այն է, որ ո´չ Երևանը և ո´չ Բաքուն պատրաստ չեն լուրջ փոխզիջումների գնալ, և յուրաքանչյուրը սպասում է, որ միջնորդները պետք է ճնշում գործադրեն մյուսի վրա: Այդ ժամանակ հնարավոր կլինի ամեն ինչ կարգավորել առանց փոխզիջումների: Նման դիրքորոշումն ինձ փակուղային է թվում»:
Միխեևը նաև մեկնաբանել է հակամարտության ուժային լուծման հավանականությունը. «Ցանկացած դեպքում ավելի լավ է Կովկասում զերծ մնալ զենքի կիրառումից, քանի որ դրա հետևանքներն ուղղելը երկար և դժվար կլինի»:
No comments:
Post a Comment