Saturday, August 15, 2009

ԵԹԵ ԼԻՆԵՆ ԽԵԼՈՔ ՄԱՐԴԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի հետ
- Կարծիք կա, որ Հայ ազգային կոնգրեսը փորձում է իր մարզային այցերով տպավորություն ստեղծել, թե նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների: Իրո՞ք այդպես է, եւ ընդհանրապես, ի՞նչ նպատակ են հետապնդում այդ այցերը:
- Իսկապես, որոշակի ակտիվություն կա: Լեւոն Տեր-Պետրոսյանն է քաղբանտարկյալների տներ այցելում, Սարյանի արձանի մոտ քաղաքական զաբոսանքների մասնակիցներն են այցելում մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, նրանց շիրիմներին: Երիտասարդներն են սկսել պարբերաբար ակցիաներ անել: Այդ ամենը մեկ նպատակ է հետապնդում` պահել ոգին, պահել տրամադրվածությունը եւ նախապատրաստվել սեպտեմբերի 18-ի մեր հանրահավաքին: Իսկ այս ամենը մասն է քաղաքական պայքարի, որի նպատակը իշխանափոխությունն է: Իսկ մենք այս պայքարի զինվորներն ենք` ակցիաների մասնակիցն ու իրականացնողներն ենք եւ փորձում ենք թեժ պահել քաղաքական կրակը:
- Որքա՞ն ժամանակ կարող եք կրակը թեժ պահել: Ոմանք պնդում են, թե հասարակությունը հոգնել է եւ քաղաքական կրքերը մարել են:
- Ամռանը մի փոքր արձակուրդային տրամադրություններ են: Սակայն Կոնգրեսի բոլոր շտաբներն ակտիվ աշխատում են, նախապատաստվում են: Այսօր Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում շտաբի նիստ էր, որտեղ քննարկում էին հանրապետության բոլոր ընտրատեղամասերում պատասխանատուներ ունենալու հարցը: Մենք պատրաստվում ենք, որպեսզի արագ արձագանքենք ցանկացած դրսեւորումի, ցանկացած անակնկալ քայլի:
- Կոնգրեսն անընդհատ շեշտում է արտահերթ ընտրությունների գաղափարը: Ձեր կարծիքով, ի՞նչը պետք է ստիպի իշխանություններին` գնալ արտահերթ ընտրությունների:
- Շատ բան կարող է ստիպել: Սկսեմ ամենաանհավանականից` իշխանությունների մեջ ամոթի, աբուռի զգացումի ի հայտ գալուց: Եթե իշխանության մեջ հայտնվեն խելոք մարդիկ, կամ նրանք խելքի գան, ապա կհասկանան, թե ինչ ձախողումներ են գրանցվել եւ արտաքին, եւ ներքին դիվանագիտական կորպուսում, Արցախի հիմնախնդրի հարցում, տնտնեսական հարցում: Ձախողումն այս ոլորտներում ակնհայտ են: Եթե իշխանությունների մեջ կան խելոք մարդիկ, ապա պետք է Սերժ Սարգսյանին խորհուրդ տան` հրաժարական ներկայացնել, քանի որ այս ընթացքի շարունակությունը երկիրը տանում է կործանման: Այն խնդիրները, որոնց լուծման համար ժողովուրդը ոտքի է կանգնել, ոչ միայն չեն լուծվում, այլեւ` ավելի են խորանում. մարտի 1-ը դեռ չի բացահայտվել, բանտերում շարունակում են մնալ քաղբանտարկյալներ, տնտեսական գահավիժում է գնում: Եվ քանի դեռ կան այս խնդիրները, հասարակությունը ոտքի կկանգնի, քանի որ հասարակությունն այս խնդիրները լուծելու պահանջ ունի: Հասարակությունն ապացուցեց, որ երկու տարի շարունակ համառորեն փողոցում կանգնելով, ինքը հաստատակամ է, եւ այնքան ժամանակ կկանգնի, քանի դեռ չեն լուծվել այդ խնդիրները: Այսինքն` լեգիտիմ իշխանությունների կարիքը օդի ու ջրի նման զգացվում է: Փաստ է, որ ԱԺ-ում հավաքվել են անգրագետները, փաստ է, որ ԱԺ-ն քաղաքական մարմին չէ, այլ` այնտեղ է կուտակված հանցագործների հիմնական մասը: Փաստ է, որ կառավարությունը բացարձակ հաշվետու չէ ժողովրդի առաջ: Փաստ է, որ իշխանությունները հաշվետու չեն հասարակությանը, այլ իրենց միջոցներն աշխատեցնում են հակահասարակական գործունեության վրա` ընդդիմադիրներին իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալել ու նրանց բանտերը լցնել: Այսինքն` ողջ պետական համակարգն աշխատում է բացառապես հասարակության դեմ: Ուստի` այդ համակարգը չի կարող գոյություն ունենալ, եւ այն պետք է օր առաջ փոխել:
- Ձեր կարծիքով` այդ համակարգը մինչեւ ե՞րբ կարող է գոյություն ունենալ:
- Այս համակարգը չի կարող երկար գոյություն ունենալ, քանի որ այն երկիրը տանում է դեպի փակուղի, դեպի պայթյուն: Մենք այն երկիրը չենք, որ թույլ տանք մեզ շրջապատել չինական պարսպով, եւ ասենք` թքած աշխարհի վրա: Եթե թեկուզ ձեւականորեն գնում ենք դեպի ինտեգրվող հասարակություն, ապա այդ դեպքում այս համակարգը գոյություն ունենալ չի կարող: Այն կարող է գոյատեւել` ներքին ռեսուրսները մսխելու հաշվին, բայց ռեսուրսներն էլ, ի վերջո, անսպառ չեն: Կարող է իշխանությունը որոշ ժամանակ ձգձգի իր գոյությունը, բայց դա հատկապես Հայաստանի նման երկրների դեպքում անվերջ չի կարող տեւել. սահմանափակ են տնտեսական, մարդկային, դիվանագիտական ռեսուրսները: Իսկ սահմանափակ ռեսուրսների դեպքում նման համակարգերը երկար գոյություն ունենալ չեն կարող: Օր օրի մոտենում է այն օրը, երբ տեղի է ունենալու իշխանափոխություն: Հայաստանի միակ փրկությունը, 21-րդ դարում գոյատեւելու միջոցը ժողովրդավարական համակարգ ունենալն է:
- Կարո՞ղ եք վստահեցնել, որ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը “չի ձգի”, եւ իշխանափոխությունը տեղի կունենա:
- Բացառվում է: Ռեսուրսները մսխելուն գումարվել է նաեւ ամբողջ աշխարհի, գերհզոր երկրների` ԼՂ խնդրում լուծումներ գտնելու միակամ պահանջը: Մասնավորապես, ես նկատի ունեմ եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, որը կացնի նման կախվել է Սերժ Սարգսյանի գլխին: Այդ փաստաթուղթը գործելու է, եւ մինչեւ հունվար Սերժ Սարգսյանը պետք է որոշում կայացնի. կամ ենթարկվելու եւ ստորագրելու է ներկայացված փաստաթղթին, կամ` հրաժարական է տալու: Այլ ելք չի կարող լինել:
- Իսկ ստորագրելու դեպքում մի՞թե չի շահի միջազգային հանրության աջակցությունը, պաշտպանությունը:
- Երկու դեպքն էլ բերում է իշխանափոխության: Ձեր ասած դեպքում կշահի Հայաստանի հասարակության եւ ԼՂ-ի դժգոհությունը: Ղարաբաղցիները չեն հանդուրժի, հայաստանցիները չեն հանդուրժի այդ ամենը: Այնպես որ, երկու դեպքում էլ իշխանափոխություն է տեղի ունենալու: Ես պնդում եմ, որ մեր երկիրն ունի լեգիտիմության դիֆիցիտ, եւ մեր երկրի բոլոր պրոբլեմները գալիս են հենց դրանից` ոչ լեգիտիմ իշխանություն ունենալուց: Հետեւաբար` փրկությունը մեկն է` օրինական իշխանություն ունենալը, որն էլ կկարողանա դիմագրավել մարտահրավերներին, Հայաստանը դարձնել աշխարհի համար ընդունելի, սիրելի երկիր: Այլ ճանապարհ չկա:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ «Լրագիր» 15-8-2009

No comments: